ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները

11.12.2016, 16:30
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։ Ֆորմալ ընթացակարգը պետք է ավարտվի այս տարվա դեկտեմբերի 20–ին, հաղորդում է «Իզվեստիան»։

«Կասկած չկա, որ պատժամիջոցները կերկարացվեն», – Reuters–ը մեջբերում է դիվանագիտական աղբյուրի խոսքերը։

Լրատվական գործակալությունը նաև հաղորդում է, որ Բրյուսելում դեկտեմբերի 15–16–ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հանդիպման ժամանակ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները ԵՄ մյուս երկրների առաջնորդներին հակիրճ կտեղեկացնեն իրավիճակի մասին։ Նշվում է, որ պատժամիջոցները ներառում են միջազգային ֆինանսավորման նկատմամբ հասանելիության սահմանափակում, ինչպես նաև ՌԴ–ի հետ պաշտպանական և էներգետիկ համագործակցության սահմանափակում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հակառուսական տնտեսական պատժամիջոցների երկարացման հարցը չի քննարկվի դեկտեմբերի 12–ին Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ։ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարացման հարցը դժվար թե ներառվի ԵՄ գագաթնաժողովի օրակարգում։–0–