Սթինգն ու Փիթեր Գեբրիելը համատեղ շրջագայության կմեկնեն
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի երաժիշտներ Սթինգն ու Փիթեր Գեբրիելը համատեղ հյուրախաղեր կունենան։ Ինչպես հայտնում է Lenta.ru–ն, վկայակոչելով Billboard–ին, այն կսկսվի 2016 թվականի հունիսի 21–ին Կոլամբուսից (Օհայո նահանգ) և կներառի ԱՄՆ 19 քաղաքներ։
Նախագիծը կոչվում է «Քար, մկրատ, թուղթ» (The Rock Paper Scissors)` յուրօրինակ ակնարկ առաջին և երկրորդ մասերում երաժիշտների ելույթների հերթականության վերաբերյալ։
«Ես առայժմ չեմ պատկերացնում, թե ինչ են անելու նրանք այդ հյուրախաղերում, բայց ինչ էլ որ անեն, դա միանգամայն համահունչ և գեղեցիկ է լինելու»,– ասել է շրջագայության պրոդյուսեր Արթուր Ֆոգելը։
Entertainment Weekly–ն նշում է, որ հյուրախաղերի ժամանակ Գեբրիելի և Սթինգի երաժիշտները կօգնեն միմյանց առավել հայտնի հիթերի կատարման հարցում։ «Ինձ դուր է գալիս հիանալի կատարողներին միմյանց հետ ելույթի հնարավորություն տալու գաղափարը, տեսնենք, թե ինչ կստացվի»,– ասել է Գեբրիելը։
Սթինգը (իսկական անունը` Գորդոն Սամներ) բրիտանացի երաժիշտ և դերասան է, նախկինում` The Police խմբի մենակատար։ Իր 40–ամյա կարիերայի ընթացքում երգիչը վաճառել է ալբոմների ավելի քան 100 կրկնօրինակ և ստացել 16 «Գրեմմի»։
Փիթեր Գեբրիելը ճանաչված է որպես 1970–ականների Genesis ռոք խմբի կատարող։ Ունի ձայնագրված ինը ալբոմ։ -0-

