ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ֆրանսիական «Գրեֆ» (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպությունը չորեքշաբթի համաձայնագիր են ստորագրել հայկական դպրոցներում և նախնական մասնագիտական կրթության հաստատություններում ֆրանսերեն լեզվի մանկավարժների վերապատրաստման շրջանակներում համագործակցության մասին:
«Կրթական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է: Այդ ծրագիրը կնպաստի ֆրանսերեն լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացմանը»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ ֆրանսերեն լեզուն Հայաստանում լեզվի հանրաճանաչությամբ երրորդն է համարվում:
«Մեր օրենսդրությունը թույլ է տալիս հինգերորդ դասարանից, բացի երկու պարտադիր օտար լեզուներից, ներմուծել լրացուցիչ լեզու, և դպրոցների մեծամասնությունն ընտրում է ֆրանսերեն լեզուն»,- նշեց Աշոտյանը:
Նա նաև ավելացրեց, որ Հայաստանում արդյունավետորեն գործում է Ֆրանսիական համալսարանը, երկու երկրների գիտական և հետազոտական կազմակերպությունների միջև համագործակցություն է հաստատվել:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր հերթին ընդգծեց այն փաստը, որ համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Երևան կատարած այցից (հոկտեմբերի 6-7) մի քանի օր անց:
«Նախագահ Սարկոզին նշել է, թե որքան կարևոր է Հայաստանում ֆրանսերեն լեզվի դասավանդումը: Բացի այդ, նա խոսել է Հայաստանում ֆրանսիական լիցեի ստեղծման անհրաժեշտության մասին, որտեղ որակավորված կադրեր կպատրաստեին՝ մանկապարտեզից մինչև համալսարան: Այս համատեքստում տվյալ համաձայնագրի ստորագրումը համահունչ է նախագահի վերջին հայտարարությունների հետ»,- ասաց նա:
Այսօրվա փաստաթղթի ստորագրմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Գրեֆ» (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան (2005թ.) միջև եռակողմ համաձայնագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2014թ.-ը:
2005թ.-ից Հայաստանի մարզերում իրականացվում է ֆրանսերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման և ռեֆերենտների հաջորդական պատրաստման ծրագիր:-0-