ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների հարուցված վարչական վարույթը: Այս մասին հայտնում է հաղորդում է «
ARKA Telecom» պորտալը:
Կապի և ինտերնետի ծառայությունների համաշխարհային առաջատար մատակարար «Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին հայտարարել է, որ հրաժարվում է UCom- ի հետ բանակցություններ վարել Հայաստանում հնարավոր գործարքի վերաբերյալ։
Նույն օրը «Վեոն Արմենիա»-ն դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:
Ինչպես նշվում է ՀՀ ՏՄՊՊՀ-ի՝ երեքշաբթի հրապարակած հայտարարության մեջ, որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
«Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել»,- ասվում է հաղորդագորության մեջ։
Հարկ է նշել, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։
Վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի։
Ընկերությունների մասին
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007թ.–ին։ Այն, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–