ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կուսումնասիրի բենզինի թանկացման պատճառները։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասաց ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը։
Տարեսկզբին Regular տեսակի բենզինի 1 լիտրի գինը նվազել էր մոտ 50 դրամով և արժեր միջինը 400 դրամ։ Վերջին շաբաթների ընթացքում բենզինի գինը սկսել է աճել, և այս պահին Regular տեսակի բենզինի 1 լիտրն արժե միջինը 430 դրամ։
«Ողջ շուկան ուսումնասիրելու և նորմալ պատասխան տալու համար մենք պետք է ուսումնասիրենք վառելիքի շուկայի ողջ կառուցվածքը և հասկանանք գնագոյացման ողջ սխեման` որ երկրներից է ներկրվում, շուկայի վրա ազդող ինչ ազդակներ կան», – ասաց նա։
Գևորգյանի խոսքով, այս պահին Հայաստանում կա առնվազն երեք խոշոր բենզին ներկրող։
«Մնացած հարցերի պատասխանները կտա ուսումնասիրությունը, որն անցկացնելու համար կպահանջվի առնվազն երկու ամիս», – ասաց Գևորգյանը։–0–