Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը. հանրապետությունում պահպանվում է սոցիալական և քաղաքական կայունություն
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-term Issuer Default Rating IDR) «B+» մակարդակում` «Դրական» կանխատեսմամբ։ Այս մասին նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Fitch-ը կարծում է, որ Հայաստանը կշարունակի սոցիալական և քաղաքական լայն կայունություն դրսևորել և չի ակնկալում Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտության երկարատև էսկալացիա մինչև մի մակարդակ, որը կարող է ազդել տնտեսական և ֆինանսական կայունության վրա:
Գործակալության վերլուծաբանները նաև ներկայացրել են մի շարք տնտեսական և ֆինանսական ցուցանիշների կանխատեսումներ։ Մասնավորապես, նրանք 2019թ.–ին ակնկալում են Հայաստանի իրական ՀՆԱ–ի աճի դանդաղում` մինչև 4,6% և 2020թ.–ին` մինչև 4,5%։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա Fitch–ը 2019թ.–ին ակնկալում է գնաճի ավելացում` մինչև 2,9% և 2020թ.–ին` մինչև 3,2%։
Հայաստանի 2019թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9%–ի սահմանում, գնաճը` 2,7%–ի սահմանում։–0–

