Financial Times-ը Հայաստանը նշել է որպես թիվ 1 տուրիստական ուղղություն 2020թ.-ին

07.01.2020, 00:40
Financial Times-ի զբոսաշրջային  ուղղությունների թոփ հնգյակի առաջին տեղում Հայաստանն է
Financial Times-ը Հայաստանը նշել է որպես թիվ 1 տուրիստական ուղղություն 2020թ.-ին

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Financial Times-ի զբոսաշրջության մասնագետները կազմել են 2020 թվականի ամենախոստումնալից զբոսաշրջային ուղղությունների թոփ հնգյակը, որի առաջին տեղում Հայաստանն է։

Ինչպես նշվում է հրատարակչության կայքում՝ Հայաստանի ուղղությամբ ամրագրված տոմսերի քանակը՝ անցած տարվա համեմատ աճել է 100%-ով։

«Երկրում կսկսեն աշխատել Արևմտյան Եվրոպայի հետ կապված առաջին լոուքոստերները․ Ryanair-ը, Wizz-ը և Air Baltic-ը պլանավորում են չվերթեր իրականացնել, որոնք Երևանը կկապեն այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Միլանը, Հռոմը, Բեռլինը և Վիեննան»,- նշում են մասնագետները։

Նրանց կարծիքով Հայաստանում զբոսաշրջիկների համար գլխավոր տեսարժան վայրերը միջնադարյան հրաշալի տաճարներն ու եկեղեցիներն են, որոնցից շատերը տեղակայված են գեղատեսիլ սարերում։

Օրինակ, Գեղարդի 13-րդ դարի տաճարը փորված է ժայռի մեջ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է հանդիսանում, ինչպես Հաղպատի և Սանահինի վանքերը։

Նշվում է, որ Երևանը և գինու գործարանները նույնպես գրավում են զբոսաշրջիկներին։

«Երևանը տարածաշրջանի ամենաբուռն և գրավիչ քաղաքներից մեկն է։ Ե´վ երկիրը, և´ մայրաքաղաքը անսպասելի հիացմունք են առաջացնում, և պետք է ջանալ, դրանց գաղտնիքները բացահայտելու համար»,-ասում է Ջասթին Ուոթերիջը Steppes Travel-ից։

Ըստ հրատարակչության մասնագետների, թոփ հնգյակում են նաև Չադը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Թուրքիան։-0-