Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է 2015 թվականի աշնանը
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է 2015 թվականի աշնանը։ Այդ մասին հայտնի դարձավ երեքշաբթի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկու հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, այդ համատեքստում ընդգծվել է համատեղ բիզնես ֆորումի կազմակերպման անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետը կարևորել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը և գոհունակություն հայտնել նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի արդյունքներից:
Նովակովսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը կարող է լինել այն դարպասը, որով լեհական ձեռնարկությունները կկարողանան մուտք գործել Եվրասիական միության շուկա: Նա տեղեկացրել է, որ լեհական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու և մեր երկրից Լեհաստան տարբեր ապրանքներ արտահանելու գործում:
Նովակովսկին համոզմունք է հայտնել, որ այժմ իրականացվող աշխատանքների շնորհիվ առաջիկայում Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերն ու առևտրաշրջանառության ծավալները կբարձրանան նոր մակարդակի: --0--

