Գազի գինը սպառողների համար չի փոխվի. նախարար
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գազի սակագինը սպառողների համար չի փոխվի, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
։Նա նշեց, որ երկարատև բանակցությունների արդյունքում ռուսական գազի գինը սահմանի վրա Հայաստանի համար նվազեցվեց 25 դոլարով։ «Միաժամանակ գազի գինը Հայաստանի բոլոր սպառողների համար չի փոխվի», – ասաց Զախարյանը։
Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը սահմանի վրա նվազեցվել էր` 1 հազ. խորանարդ մետրի դիմաց գանձվող 190 դոլարից դառնալով 165 դոլար։ Նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Գազպրոմ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունների միջև, որը տեղի էր ունեցել Միլերի ապրիլյան այցի ընթացքում։ Պայմանավորվածությունները դեռևս չեն ամրագրվել, և ընթանում են փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները։
Նախարարի խոսքերով` ձևավորված լրացուցիչ միջոցները կուղղվեն դոլար–ռուբլի արժույթների հարաբերակցության հարցում առաջացած տարբերության փոխհատուցմանը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմանը։
«Գազպրոմ Արմենիա»–ն ռուսական «Գազպրոմի» 100 տոկոսանոց «դուստրն է»։ Այն մենաշնորհային դիրք է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում Վրաստանի տարածքով անցնող ռուսական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտում։
«Գազպրոմ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև 2013 թ.–ի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի համաձայն` 2014–2018 թթ.–ին «Գազպրոմը» պարտավորվում է ապահովել տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազ, որի արժեքը կորոշվի` ռուսական գազի գնագոյացման հետ կապված բանաձևին համապատասխան։ –0–

