ԵՏՄ–ն պատրաստ չէ Հայաստանի հետ արժութային ընդհանուր միություն ստեղծել. ռուս տնտեսագետ

23.03.2015, 17:05
ԵՏՄ–ն պատրաստ չէ Հայաստանի հետ արժութային ընդհանուր միություն ստեղծել, երկուշաբթի ասել է տնտեսագետ Ալեքսանդր Կնոբելը Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի թեմայով տեսակամրջի ընթացքում։
ԵՏՄ–ն պատրաստ չէ Հայաստանի հետ արժութային ընդհանուր միություն ստեղծել. ռուս տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ն պատրաստ չէ Հայաստանի հետ արժութային ընդհանուր միություն ստեղծել, երկուշաբթի ասել է տնտեսագետ Ալեքսանդր Կնոբելը Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի թեմայով տեսակամրջի ընթացքում։

Աստանայում մարտի 20–ին Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համար ժամանակն է անցնել արժութային միության ստեղծման մասին բանակցություններին։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովի խոսքով` ԵՏՄ–ի շրջանակում արժութային միություն կարելի է ստեղծել աստիճանաբար, սկզբնական փուլում դրանում կարող են ընդգրկվել միավորման ոչ բոլոր երկրները։

«Հայաստանը ԵՏՄ նոր անդամ է, նույն ուղու վրա է Ղրղըզստանը, այդ պատճառով տվյալ փուլում արժութային ինտեգրման հարցը քննարկվում է միայն Բելառուսի և Ղազախստանի հետ, որի հետ որոշակի համագործակցություն արդեն իսկ հաստատվել է»,– ասել է Կնոբելը։

Նա միաժամանակ նշել է, որ այս պահին հարցը միայն կմշակվի, ինչից հետո կորոշվի հետագա ուղղությունը և միասնական արժույթի ներդրման հնարավորությունը և դրան ԵՏՄ այլ անդամ երկրների միացման հարցը, ինչը կարող է իրականացվել փուլ առ փուլ։

Փորձագետը կարծում է, որ այսօր ԵՏՄ պետությունների միջև տարբերությունները շատ էական են, և անհրաժեշտ է դիտարկել առանձին երկրների գործընթացները, այդ թվում` ուսումնասիրել տնտեսությունների դրամայնացման մակարդակը, հակառակ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ, որոնց համար պետք է վճարեն խոշոր երկրները։

«ԵՏՄ–ն այս պահին առաջնորդվում է հիմնականում քաղաքական դրդապատճառներով, որոնք ուղղված են ավելի սերտ ինտեգրման, ինչն այս պահին չկա։ ԵՏՄ շրջանակում որոշ գործընթացներ զուտ հռչակման առումով առաջ են անցնում Միության էությունից, և որքան ավելի ուժեղանան քաղաքական գործընթացները, այնքան ավելի լուրջ ռեսուրսներ պետք կլինի ներդնել մասնակիցներից մեկի` ենթադրաբար, Ռուսաստանի կողմից»,– ասել է Կնոբելը։

Նա միաժամանակ նշել է, որ ինտեգրումն այսօր հանդիպում է ԵՏՄ անդամ երկրների առաջնորդների քաղաքական կամքին, ինչը խնդիր է, որը պետք է լուծել և ուղղել համագործակցությունն ավելի գործնական և տնտեսական հունով։ -0-