Հայաստանի անդամակցությամբ ԵՏՄ–ն կարող է կարևորագույն տրանսպորտային հանգույց դառնալ ԵՄ–ի և Ասիայի երկրների միջև. Նռանյան

13.03.2015, 19:32
Հայաստանի անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությունը կարող է կարևորագույն տրանսպորտային հանգույց դառնալ ԵՄ–ի և Պարսից ծոցի, Հարավարևելյան Ասիայի երկրների և Հնդկաստանի միջև, ուրբաթ Մոսկվայում ասել է Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ Արա Նռանյանը` ելույթ ունենալով «Ինտեգրացիա. նոր հնարավորություններ և ճգնաժամից դուրս գալու ուղիներ» խորագրով միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ։
Հայաստանի անդամակցությամբ ԵՏՄ–ն կարող է կարևորագույն տրանսպորտային հանգույց դառնալ ԵՄ–ի և Ասիայի երկրների միջև. Նռանյան

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությունը կարող է կարևորագույն տրանսպորտային հանգույց դառնալ ԵՄ–ի և Պարսից ծոցի, Հարավարևելյան Ասիայի երկրների և Հնդկաստանի միջև, ուրբաթ Մոսկվայում ասել է Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ Արա Նռանյանը` ելույթ ունենալով «Ինտեգրացիա. նոր հնարավորություններ և ճգնաժամից դուրս գալու ուղիներ» խորագրով միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ։

Ելույթի ընթացքում Նռանյանը ներկայացրել է «Հյուսիս–Հարավ» առանցքով տրանսպորտային հաղորդակցության հեռանկարները ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցելու համատեքստում։

«Հայաստանի անդամակցությամբ ԵՏՄ–ն լուրջ ցատկ է կատարում զարգացման հարավային ուղղությամբ` հայտարարելով կարևորագույն տրանսպորտային հանգույց դառնալու մասին, որը կապում է ԵՄ–ն Պարսից ծոցի, Հարավ–արևելյան Ասիայի երկրների և Հնդկաստանի հետ» նշել է Նռանյանը։

Իր խոսքում նա նաև նշել է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը ստեղծել է նոր աշխարհաքաղաքական իրողություններ, որոնք թույլ են տալիս իրականացնել միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման փոխշահավետ սխեմաներ։

«Բավական է միայն թռուցիկ հայացք գցել քարտեզի վրա գնահատելու համար այն հեռանկարները, որոնք բացվում են ԵՏՄ–ի համար Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան առանցքով կայուն, արագ և հասանելի տրանսպորտային հաղորդակցություն իրականացնելու դեպքում», – ավելացրել է նա։

Նռանյանի խոսքով` Հայաստանն արդեն այսօր իրականացնում է «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու շինարարության նախագիծը, որը կապում է հայ–իրանական սահմանը հայ–վրացականի հետ։ Ավելի քան 1 մլրդ դոլար արժեք ունեցող ծրագիրն իրականացվում է երկրի կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։

«556 կմ ընդհանուր երկարությամբ միջանցքը կապահովի մուտք դեպի Սև ծով և թույլ կտա տնտեսել 2,5 դոլար յուրաքանչյուր ուղևորի երթևեկության մեկ ժամի համար և 1 դոլար 1 տոննա բեռի տեղափոխման մեկ ժամի համար` կրճատելով երթևեկության ժամանակն ու ավելացնելով արագությունը և անվտանգությունը։ Նախագիծը նախատեսվում է ամբողջովին իրականացնել 2019 թ.–ին», – նշել է Եվրասիական տնտեսական կոմիտեի կոլեգիայի անդամ նախարարը։

Նրա խոսքով` քննարկման փուլում գտնվող մեկ այլ կարևոր նախագիծ է Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան երկաթուղային հաղորդակցությունը։

««Հյուսիս–Հարավ» միջանցքի այս նախագիծը ոչ միայն կրկնակի կարճ է Սուեզի ջրանցքով անցնող ծովային երթուղուց, այլ նաև նվազեցնում է բեռնափոխադրման արժեքն ու ժամանակը, իսկ ԵՏՄ–ի գործունեության արդյունքում բեռնափոխադրումների հոսքի աճի հեռանկարի կապակցությամբ այն կարող է ապահովել շատ ավելի մեծ և արագ վերադարձ, քան նախատեսվում էր մինչև ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության գործոնը հաշվի առնելը», – ավելացրել է Նռանյանը։

Նա նաև ավելացրել է, որ գլոբալ նախագծերի իրականացումը, որոնք կարող են հանգեցնել տնտեսության մեջ կառուցվածքային բարեփոխումների ակտիվացմանը, կարող է լավ ազդակ դառնալ ԵՏՄ–ի ողջ տնտեսության համար։

Համաժողովի կազմակերպիչներն են ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնը` ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ երկրների պետական մարմինների, ԱՊՀ տնտեսական դատարանների և Եվրասիական տնտեսական միության, Քաղաքացիական դատավարության միջազգային ասոցիացիայի, բնագավառային միավորումների ներկայացուցիչներ, փորձագետներ և գործարարներ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտական գործող անդրազգային կարգավորող մարմին է, այն սկսել է գործել 2012 թ.–ի փետրվարի 2–ին։ Այժմ ԵՏՀ–ում ներառված են չորս երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ՄՄ և ԵՏՀ մասնակից պետությունների տարածքում։ 2014 թ.–ի մայիսի 29–ին ՄՄ և ԵՏՀ մասնակից երկրները ԵՏՄ–ի ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել։

Միության շրջանակում ապահովվում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, իրականացվում է համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն տնտեսության տարբեր ոլորտներում։ ԵՏՄ–ի նպատակն է պայմաններ ապահովել անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար` երկրների բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով, իրականացնելով համակողմանի արդիականացում, համագործակցություն, ինչպես նաև բարձրացնել ազգային տնտեսությունների մրցունակությունը գլոբալ տնտեսության պայմաններում։–0–