Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների երկաթուղային խորհրդի ուղևորափոխադրումների տնտեսության հարցերով հանձնաժողովի հերթական նիստը
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում մարտի 4-6-ը տեղի կունենա ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հաձնաժողովի 15-րդ նիստը, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
Երևանյան նիստի աշխատանքներին կմասնակցեն Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:
Ուղևորափոխադրումների ոլորտի ղեկավարներին և մասնագետներին սպասում է բավականին հագեցած աշխատանքային օրակարգ: Նրանք, մասնավորապես, կքննարկեն 2014 թ-ի միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների արդյունքները, Մոլդովայի և Բելառուսի միջև սակագների նվազեցման հարցը, «Էքսպրես» միջազգային համակարգի տեխնոլոգիական շահագործման փոփոխությունները։
Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար:
Խորհրդի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը:
Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան կազմակերպության ասոցացված անդամներն են, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա։
Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային համադաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–

