ՀԿԵ-ն Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարներ է տեսնում

22.12.2014, 16:20
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարներ է տեսնում, երկուշաբթի լրագրողներին ասաց «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
ՀԿԵ-ն Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարներ է տեսնում, երկուշաբթի լրագրողներին ասաց «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղղակի երկաթուղային հաղորդակցություն չկա։

Աբխազական երկաթուղու բացման հարցը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար։ Վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Աբխազիան համընդհանուր համաձայնության դեպքում կարող են կազմակերպել տարանցիկ երկաթուղային հաղորդակցություն Սուխումի-Թբիլիսի-Երևան ուղղությամբ։

«Մենք, իհարկե, տեսնում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարներ, քանի որ ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ուղղված ջանքերը բոլոր կողմերից շատ ակտիվ են և անպայման արդյունք կտան»,- ասաց Ռեբեցը։ 

Նա նշեց, որ տվյալ որոշման իրականացումը որոշակի ժամանակ կպահանջի, քանի որ քաղաքական որոշումից զատ կան նաև տնտեսական և տեխնիկական բաղկացուցիչներ։ 

Նրա խոսքերով` տեխնիկական բաղկացուցիչը բավականին լուրջ է, քանի որ անհրաժեշտ է վերականգնել որոշակի հատված Աբխազիայի տարածքում։

«Այդ հարցը կորոշեն համապատասխան կառույցները, սակայն մենք մեծ հույսեր ունենք, որ այդպես կլինի»,- ասաց Ռեբեցը։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: ($1-455,75 դոլար)-0-