Ռուսաստանը հունիսի 3–ին կդադարեցնի գազի մատակարարումը Ուկրաինա, եթե կանխավճար չստանա
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը հունիսից Ուկրաինա գազ կմատակարարի կանխավճարի դիմաց. «Գազպրոմը» մայիսի 13-ին «Նավթոգազին» կներկայացնի հաշիվը և մինչև հունիսի 2-ը ներառյալ կսպասի վճարման։ Գումար չստանալու դեպքում հունիսի 3-ի առավոտյան 10։00-ից գազի մատակարարումը կդադարեցվի, հայտարարել է ռուսական հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլերը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։
«Ահա իմ կարծիքը։ Պետք է դադարեցնել դայակություն անել, տեղեկացրեք նրանց և վաղվանից կանխավճար կիրառեք։ Կարծում եմ` այս իրավիճակը տարբեր ձևերով կարգավորելու բոլոր տարբերակները «Գազպրոմն» արդեն ձեռնարկել է, սակայն մեզ չեն լսում։ Իսկ եթե այդպես է, ապա պետք է արդեն գործել, այլևս դիմանալ ուղղակի հնարավոր չէ»,– ասել է Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գազի դիմաց Կիևի պարտքը հասել է 3.5 միլիարդ դոլարի։
Միլերը տեղեկացրել է, թե այս իրավիճակում հոլդինգն ինչ է պատրաստվում անել։ ««Գազպրոմը» վաղը ներկայացնում է հունիսի համար մատակարարվող գազի նախնական հաշիվը` համաձայն պայմանագրի։ Մենք համապատասխան նամակ–ծանուցում ենք ուղարկում։ Ուկրաինական կողմը պետք է վճարի հունիսի մատակարարման դիմաց մինչև հունիսի 2-ը, քանի որ հունիսի 1-ը կիրակի է»։
«Եթե Ուկրաինան չվճարի մատակարարումների դիմաց, ապա «Գազպրոմը» մինչև հունիսի 3- առավոտյան 10-ը կծանուցի ուկրաինական կողմին, որ գազի ծավալը կմատակարարվի կանխավճարին համապատասխան։ Եթե կանխավճարներ չարվեն, բնականաբար հունիսին Ուկրաինան զրո խորանարդ մետր գազ կստանա»,– ասել է Միլլերը ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։-0-

