ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ռոսնեֆտ» ԲԲԸ–ն քննարկում է Հայաստանում նավթամթերքի մեծածախ և մանրածախ իրացման ոլորտում ակտիվների գնման հնարավորությունը, ասվում է խոշորագույն ռուսական նավթային ընկերության հաղորդագրության մեջ։
«Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր են ստորագրվել։
«Օյլ տեխնո» և «Ռոսնեֆտ» ընկերությունների միջև ստորագրվել է նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այն ստորագրել են «Օյլ տեխնո» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը և «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը:
Բացի այդ, «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:--0-