«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովն այսօր հանդիպում է ունեցել «Երևան» գծային-կայարանային միավորման անձնակազմի հետ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Անձնակազմի հետ հանդիպումների ընթացքում մենք գնահատելու ենք ՀԿԵ ՓԲԸ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ներկայացնելու ենք ղեկավարության կողմից ընդունված որոշումների մասին մանրամասները: Մեր այսօրվա հանդիպման նպատակն է՝ երկաթուղում տարվող աշխատանքների քննարկումը, հետագա աշխատանքների ուղղությունների որոշումը, շահագործման և ֆինանսական ու նյութական ռեսուրսների հետ կապված հարցերի քննարկումը: Մեր հիմնական նպատակն է՝ տարվա սկզբից իրականացնել մեր առջև դրված խնդիրները», - ասել է Խակովը:
Նա հայտնել է նաև, որ ընկերության հիմնական խնդիրը 2012 թվականին լինելու է շահույթով աշխատելը, և նա ընդգծել է, որ «Երևան» ԳԿՄ ՀԿԵ-ի հիմնարար գծային-կայարանային միավորումն է, որտեղ ընդգրկված են մի շարք կայարաններ՝ այդ թվում վերջերս լուծարված «Աբովյան» ԳԿՄ-ի կազմից:
ՀԿԵ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հատուկ կարևորել է աշխատանքային ռեսուրսների օգտագործումը, հիշեցնելով, որ անցյալ տարվա դեկտեմբերից ՀԿԵ-ում գործում է Կորպորատիվ վարքագծի կանոնագիրքը և Կորպորատիվ էթիկայի հարցերով հանձնաժողովը:
Նշելով փոխադրումների ծավալների աճի միտումը՝ Խակովը հայտարարել է, որ ներկայում վերանայվում է հաճախորդների հետ կոնտակտների և «Երևան» կայարանի աշխատանքի տեխնոլոգիան, իսկ կայարանն անցնելու է շուրջօրյա աշխատանքային ռեժիմին:
Խոսելով ընկերության ծախսերի օպտիմալացման հարցի շուրջ՝ ՀԿԵ գլխավոր տնօրենի պաշտոնակատարն ընդգծել է, որ խոսքը միայն ներքին օպտիմալացման, այլ ոչ թե ՀԿԵ-ի աշխատողների թվի կրճատման մասին է: Ինչպես նշել է Խակովը, 2012 թվականին ընկերության անձնակազմի միջին աշխատավարձը 143 հազ. դրամից կավելանա մինչև 170 հազ. դրամ:
Ինչպես ընդգծել է ՀԿԵ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը, ներկա ժամանակ ընթանում են ընկերության աշխատանքի օպտիմալացումը, աշխատանքի նոր ծավալների ներգրավվումը, հաստատված է օժանդակ գործունեության վերաբերվող բավականին ծավալուն ծրագիրը, քննարկվում է Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղային գծի կառուցման հարցը, ինչը բերելու է նոր աշխատատեղերի բացմանը:
Բացի այդ, դիտարկվում է Կարմիր Բլուր կայարանի արդիականացման հնարավորությունը, որը մեծ հեռանկարներ ունի կոնտեյներային փոխադրումների սպասարկման տեսանկյունից:
Կոլեկտիվների հետ ՀԿԵ ղեկավարության նման հանդիպումներն անցել էին «Վանաձոր» և «Սևան» գծային-կայարանային միավորումներում, իսկ հունվարի 27-ին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հանդիպելու է «Գյումրի» ԳԿՄ աշխատողների հետ:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—