ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Բելառուսն անհրաժեշտ են համարում կարգավորել պարենային անվտանգության ապահովման ոլորտում փորձի փոխանակումը, նախօրեին Մինսկում Բելառուսի Հանրապետության Գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար Միխայիլ Ռուսիի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպման արդյունքներն է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում պարենային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, որոնց կենսագործմանն ուղղված հետագա քայլերի իրականացման նպատակով սույն թվականի փետրվար-մարտ ամիսներին Միխայիլ Ռուսիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան:
Այնուհետև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության Արդյունաբերության առաջին փոխնախարար Իվան Դեմոդևիչի ուղեկցությամբ այցելել է «Մինսկի տրակտորների գործարան» և ծանոթացել ձեռնարկության հզորությունների հետ: Այցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում բելառուսական տրակտորների սպասարկման կենտրոնների ստեղծմանն առնչվող հարցեր:
Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-բելառուսական կապերի խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հաղորդագրության համաձայն, նախատեսվում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյի հետ, ինչպես նաև կստորագրվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության միջև 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը: -0-