ԱԷՄԳ-ն կուսումնասիրի ատոմակայանի շրջակայքում բոլորովին նոր 6 սեյսմիկ կայանների տեղադրման վերաբերյալ ՀՀ ԱԻՆ առաջարկը. Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի հարցով տեխնիկական համագործակցության գծով ԱԷՄԳ համակարգող Անդրեյ Չուպովի և գերատեսչության ղեկավար Արմեն Երիցյանի հանդիպման արդյունքներն է ներկայացրել ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Հաղորդագրության համաձայն, Չուպովը նշել է, որ ԱԷՄԳ-ն պատրաստակամ է համագործակցել Հայաստանի սեյսմիկ անվտանգության ու նախևառաջ` ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բարձրացման բնագավառում: «Գիտեմ, որ դուք մասնակցում ենք տարածաշրջանային մի շարք ծրագրերի, դրանցից մեկը վերաբերում է ճառագայթային վթարներին արձագանքելու մակարդակի բարձրացմանը»,- ասել է ԱԷՄԳ ներկայացուցիչը:
Նախարար Երիցյանն իր հերթին նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը սկսվել է դեռ 1994թ.-ին:
«Այսօր ԱԻՆ-ում գործում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ հավաքվում է երկրի ամբողջ տեղեկատվությունը, նաև` երկրաշարժերի մասին։ Ավտոմատ ծրագիրն աշխարհի տարբեր անկյուններում երկրաշարժի գրանցման դեպքում անմիջապես ցույց է տալիս, թե որն է երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ ատոմակայանը», - նշել է նա: Ըստ նրա, այդ հանգամանքը շատ կարևոր է հրատապ գործողություններ ձեռնարկելու համար։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի և ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի միջև տեղեկատվության ակտիվ փոխանակման վերաբերյալ։
Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը (գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ): Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ --0—