Հաստատվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների կորպորատիվ վարքագծի կանոնագիրը, որը սահմանում է ընկերության պաշտոնատար անձանց և այլ աշխատողների վարքագծի սկզբունքներն ու նորմերը, ընկերությունում հարաբերությունների կանոնները, ինչպես նաև իշխանության մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ՀԿԵ-ի հարաբերությունների դրույթները:
Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կորպորատիվ արժեքներ են հայտարարված, մասնավորապես, բաց և բարեխիղճ հարաբերություններն իշխանության մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, պարզ և փոխշահավետ համագործակցությունը բոլոր գործընկերների հետ, թափանցիկ ֆինանսական գործունեություն, մատուցվող ծառայությունների բարձր որակի ապահովումն ու այդ որակի մակարդակի բարձրացումը:
Կանոնագիրն արգելում է Ընկերությունում խտրականության և հովանավորականության ցանկացած դրսևորում, իսկ աշխատողների ընտրությունն ու նշանակումը կատարվում է հաշվի առնելով նրանց մասնագիտական և անձնական ունակությունները:
Փաստաթղով նաև սահմանված են պաշտոնատար անձանց և աշխատողների միջև հարաբերություններին առնչվող պահանջները, վեճերի լուծման սկզբունքները, ընկերության վարկանիշի և հեղինակության պահպանմանն ուղղված միջոցները:
Կորպորատիվ կանոնագրի դրույթների կատարման հսկողությունն ու վեճերի և անհամաձայնությունների լուծումն իրականացնում է կորպորատիվ էթիկայի հարցերով հանձնաժողովը: Կառույցի կազմում ընդգրկված են անբասիր հեղինակություն և անհրաժեշտ փորձ ունեցող 7 անդամ:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել է ՀԿԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-