«Արմավիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը չորեքշաբթի հայտնեց լրագրողներին, որ ավիաընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ մարել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին ունեցած պարտքը:
«Արմավիա» ընկերության դժգոհությունն օդանավակայանի սակագնային քաղաքականությունից կողմերի միջև խնդիրների պատճառ է դարձել, ինչը հանգեցրել է ավիաչվերթերի հետաձգման: Նմանատիպ վերջին դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ: Կողմերը պարտքի չափը չեն նշում:
««Զվարթնոցի» պարտքը փուլ առ փուլ մարվում է: Ամեն օր այդ թիվը փոքրանում է: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ պարտքերը կմարվեն: Օդանավակայանն ամեն տարի ձմռանը բարձրացնում է գները, չնայած դրան, կարծում եմ՝ կմարենք պարտքը»,- ասաց Բաղդասարովը:
Նա ընդգծեց, որ օդանավակայանի կողմից վարձակալության և տեխսպասարկման բարձր վճարն անդրադառնում է ավիատոմսերի գների վրա, համոզմունք հայտնելով, որ ծառայությունների գների որոշակի իջեցումը տնտեսապես ավելի ձեռնտու կլիներ:
«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 100 չվերթ 40 ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք: --0—