Հայաստանը մտադիր է Վրաստանի հետ քննարկել միասնական մաքսային կետեր ստեղծելու հարցը

08.11.2011, 10:23
Հայաստանը մտադիր է Վրաստանի հետ քննարկել միասնական մաքսային կետեր ստեղծելու հարցը
Հայաստանը մտադիր է Վրաստանի հետ քննարկել միասնական մաքսային կետեր ստեղծելու հարցը

Հայաստանն առաջարկելու է վրացական կողմին միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգ ներառել միասնական մաքսային կետերի ստեղծման գաղափարը, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիայի հետ հանդիպման ժամանակ:
Տիգրան Սարգսյանն ուրախությամբ է նշել, որ երկկողմ հանդիպումները մշտապես անցնում են ջերմ մթնոլորտում, որոնք էլ նպաստում են գտնել հայ-վրացական բոլոր խնդիրների լուծումները:

Բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում Թբիլիսիում կայանալիք հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը ևս մեկ քայլ կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:

«Հայաստանը և Վրաստանը մենք դիտարկում ենք որպես մեկ միասնական տնտեսական դաշտ: Մեր միջև առևտրափոխադրումների բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, քանի որ այն բխում է մեր ժողովուրդների շահերից: Այս առումով, առաջիկա երկու տարիների ընթացքում Եվրամիության օժանդակությամբ շուրջ 42 մլն եվրո է ներդրվելու մեր երկրի երեք սահմանային անցակետերը եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ժամանակակից անցակետերը հնարավորություն կտան ավելի հեշտ իրականացնել մաքսազերծման գործընթացները և քաղաքացիներին մատուցել բարձր մակարդակի ծառայություններ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջարկվելու է վրացական կողմին միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգ ներառել նաև միասնական մաքսային կետերի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա դյուրացնել մաքսազերծման գործընթացը, երկկողմ սահմանի հատումը և այլն:

Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հույս է հայտնել, որ տարբեր ուղղություններով նոր համատեղ ծրագրերի իրականացման հարցերը ևս կդառնան նոյեմբերի 17-18-ին Թբիլիսում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկման առարկա:  

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մեղրիից Բաթումի ավտոճանապարհի կառուցմանը, որը 180 կիլոմետրով կկրճատի Իրանից դեպի Սև ծով ընկած ճանապարհի երկարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի:--0-