Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանը 12 հազար 858 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանել, ընդ որում՝ արտահանման հիմնական ծավալը՝ 9 890 տոննան, բաժին է ընկել Ռուսաստանին, ասաց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանն արտահանել է 12 հազար 858 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 570 տոննայի դիմաց: Ընդ որում՝ ծիրանի արտահանումը կազմել է 7 հազար 300 տոննա, կեռասինը՝ 673 տոննա, սալորինը՝ 257 և բալինը՝ 5,7 տոննա»,- չորեքշաբթի ասաց նա լրագրողներին:
Փոխնախարարի խոսքով՝ հայկական գյուղմթերքը, բացի Ռուսաստանից, արտահանվում է Վրաստան (2 հազար 858 տոննա), Ուկրաինա՝ 89 տոննա, Բելառուս՝ 15 տոննա, Նիդեռլանդներ և ԱՄԷ՝ մեկական տոննա: Մակարյանը պարզաբանեց, որ Հայաստանը Նիդեռլանդներին մատակարարում է ծիրան, իսկ ԱՄԷ-ին՝ կանաչեղեն:
Նա հայտնեց նաև, արտահանման ցուցանիշները կարող են աճել՝ հաշվի առնելով «Զվարթնոց» օդանավակայանի ազատ առևտրի գոտում սառնարանային տնտեսությունների ներուժը:
Փոխնախարարը միաժամանակ նշեց, որ գյուղատնտեսական արտադրանքի 94 տոկոսն արտահանվում է ավտոտրանսպորտով և միայն 6 տոկոսը՝ օդային ճանապարհով:
Նա չներկայացրեց բերքի համախառն ծավալը, նշելով, որ տվյալներն առայժմ ճշտվում են:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի գյուղարտադրանքի ծավալը 2001 թվականի սեպտեմբերի ընթացիկ գներով կազմել է շուրջ 169 միլիարդ դրամ (մոտ 445,9 միլիոն դոլար)՝ աճելով 2010 թվականի սեպտեմբերի համեմատ 18,6 տոկոսով: -0-