Ռուսական կողմը Հայաստանին է առաջարկել 50 մլն դոլարի գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների գնման ծրագիր, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:
Նրա խոսքով՝ առաջարկը ներկայացվել է «Ռոսագրոմաշ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ Երևանում վերջերս տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, որում ներառված է գյուղտեխնիկա և գործիքներ արտադրող ավելի քան 60 ընկերություն:
«Մեր ռուս գործընկերներն առաջարկել են 50 մլն դոլարի վարկային և լիզինգային ծրագրեր», - մեջբերում է Կարապետյանի խոսքերը «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը: Նրա խոսքով՝ ըստ նախնական տվյալների, գյուղտեխնիկան և գործիքները կտրամադրվեն լիզինգով 7 տարի ժամկետով 5 տոկոս տոկոսադրույքով:
«Այս պահին բանակցություններ են ընթանում տոկոսադրույքի չափի, լիզինգային ծրագրի պայմանների շուրջ», - նշեց փոխնախարարը:
Նա նշեց, որ ռուսական գյուղտեխնիկան նախընտրելի է գնի, որակի, պահեստամասերի առկայության տեսակետից: «Եվ թվում է, թե մեր ժողովրդին ավելի շատ դուր է գալիս ռուսական տեխնիկան», - ավելացրել է Կարապետյանը:
Խոսելով գնի մասին՝ նա մասնավորապես նշել է, որ New Holland կոմբայններն արժեն 50 հազար դոլար, իսկ ռուսական «Նիվա» կոմբայնների գործարանային գինը 78 հազար դոլար է: «Սակայն բանակցություններ են ընթանում մոտավորապես 50 հազար դոլարով «Նիվա» կոմբայնների ներկրման շուրջ: Այսինքն, մեր ռուս գործընկերները մեծ զեղչեր են տրամադրում՝ հայկական գյուղտեխնիկայի վերազինման համար», - ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ փաստորեն մեկ New Holland-ի գնով կարելի է գնել երեք «Նիվա», ընդ որում նրանք չեն զիջում իրենց պարամետրերով:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ տասը տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ հազար միավոր գյուղտեխնիկա: «Այժմ երկրում կա շուրջ 15 հազար տրակտոր, 1400-1500 կոմբայն: Գյուղտեխնիկայով ապահովվածությունը կազմում է շուրջ 70 տոկոս: Սակայն կան նաև տեխնիկայի մաշվածության հետ կապված հարցեր», - ասաց Կարապետյանը:-0-