Հայաստանում փորձագետներն այսուհետև կստուգեն ձիթապտղում բոտուլիզմի հարուցիչի առկայությունը իտալական արտադրության, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը:
Նախօրեին Ռոսպոտրեբնադզորի կայքում հաղորդագրություն է հայտնվել, որտեղ գերատեսչությունը զգուշացնում է, որ Իտալիայում արտադրված ձիթապտղում հայտնաբերված բոտուլիզմի կապակցությամբ պետք է զգուշանալ տվյալ արտադրանքի օգտագործումից:
Միաժամանակ Պիպոյանը նշեց, որ հստակ տեղեկություն չունի, թե վերջին անգամ երբ է իտալական արտադրության ձիթապտուղ ներկրվել Հայաստան:
Նա ընդգծեց, որ նոյեմբերի 1-ից Հայաստանում օրենքի ուժ է ստացել անվտանգության արտոնագիրը, որը ներառում է ներկրվող սննդամթերքի ողջ ցանկը, քանի որ բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերքի հսկողությունը մինչ այժմ իրականացվում էր պետական ծառայության կողմից իրացման փուլում:
Բոտուլիզմը (botulismus) ծանր տոքսիկո-ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնութագրվում է բոտուլոտոքսինով նյարդային համակարգի, գերազանցապես երկարավուն ուղեղի և ողնուղեղի ախտահարմամբ՝ օֆթալմոպլեգիկ և բուլբար համախտանիշների զարգացմամբ։ Ինկուբացիոն շրջանը տատանվում է 2-12 ժամից մինչև 7 օր, միջինում 18-24 ժամ։
Բոտուլիզմի առաջին, ոչ հազվադեպ հանդիպող ախտանիշներից են բերանի չորությունը և օֆթալմոպլեգիկ նշանները։ Հիվանդները գանգատվում են տեսողության թուլացումից, աչքերի առաջ «ցանցի» կամ «մշուշի» առկայության զգացումից։ Կարդալը դժվարացած է կամ անհնար ակոմոդացիայի կաթվածի և երկտեսության պատճառով։ Լինում է միդրիազ լույսի նկատմամբ ռեակցիայի նվազմամբ կամ բացակայությամբ, ակնագնդերի շարժման սահմանափակում ընդհուպ լրիվ անհնարինություն (հայացքի պարեզ), վերին կոպի իջեցում (պտոզ), ստրոբիզմ (շլություն), հորիզոնական նիստագմ։ -0-