ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը խթան կդառնա Հայաստանի տնտեսական կարողությունների զարգացման համար. վարչապետ

20.10.2011, 14:07
ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը խթան կդառնա Հայաստանի տնտեսական կարողությունների զարգացման համար. վարչապետ
ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը խթան կդառնա Հայաստանի տնտեսական կարողությունների զարգացման համար. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը խթան է հանդիսանալու Հայաստանի տնտեսական կարողությունների զարգացման համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ:

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքում երեքշաբթի ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր է ստորագրվել: Պայմանագիրը նախատեսում է ստորագրող երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների իրավական հիմքերի դյուրացում, կփոխվեն մի շարք բազմակողմ և շուրջ 100 երկկողմ փաստաթղթեր, որոնք այսօր ԱՊՀ-ի տարածքում կանոնակարգում են ազատ առևտրի ռեժիմը:

Սարգսյանի խոսքով՝ պայմանագիրը բացառիկ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի, այդ թվում նաև առանձին տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ արտոնագրման միասնական կանոնների շնորհիվ՝ պայմանագիրը ստորագրած ոչ մի երկիր այլևս չի կարող միակողմանի կարգով սահմանափակումներ մտցնել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար: «Առանց մաքսատուրքերի մենք հնարավորություն ենք ունենալու առևտրաշրջանառություն իրականացնել այն  պետությունների հետ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը», - ընդգծել է նա:

Սարգսյանը նշել է, որ պայմանագիրը կազմված է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա: Դրանում ամրագրված է, որ այս համաձայնագրի շրջանակում կցված անցումային դրույթներում առկա սահմանափակումները տարեցտարի նվազեցվելու են։
«Այս փաստաթղթով Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելավվում է, որովհետև նախկինում եղած երկկողմանի համաձայնագրերում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազելու է», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ ստեղծվելու են ավելի բարենպաստ պայմաններ՝ միասնական տնտեսական տարածքում ապրանքներ իրացնելու և ծառայություններ մատուցելու համար:

Նա նաև հայտարարել է, որ փաստաթուղթը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: «Մեր մասնագետներն  աշխատում են այս փաստաթղթի վրա 1993 թվականից։ 1993-ին մենք եկել էինք նման համաձայնության և ստորագրել համաձայնագիր, սակայն այն չվավերացվեց», - ասել է նա՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքը կրկին ակտիվացել է 2,5 տարի առաջ:

Պայմանագիրը ստորագրել են ԱՊՀ բոլոր երկրները, բացի Ադրբեջանից, Ուզբեկստանից և Թուրքեմստանից, որոնք, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի խոսքով, մինչև տարեվերջ կուսումնասիրեն պայմանագրին միանալու հնարավորությունը:

ԱՊՀ կազմում ներառված են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան:-0-