Հայ ձկնաբույծների ասոցիացիան մտադիր է մոտ 1200 տոննա ձկնեղեն արտահանել մինչև տարեվերջ, հայտնեց կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ արտահանվել է 800 տոննա: «Անշուշտ, արտաքին շուկաների հետ բարդություններ կան, բայց դրանք հաղթահարելի են, մեր մասնագետները տնտեսական գործունեությունը կենտրոնացրել են ճիշտ հաշվարկների վրա, որպեսզի կարողանան պահել իրենց տեղը»,- ասաց նա:
Աթոյանը նշեց, որ հայկական արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է և մասամբ Վրաստանը: «Ռուսական շուկայում մեր գլխավոր հակառակորդը Թուրքիան է, բայց մեր ձուկն իր համային որակներով ավելի պահանջված է, և մենք վստահ ենք, որ հաջողություն կունենանք, առավել ևս, երբ նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալները կրկնապատկվել են»,- ասաց նա:
Ասոցիացիայի ղեկավարը նշեց, որ թուրքական արտադրանքը զիջում է հայկականին համային որակներով, բայց գնային առումով ավելի մատչելի է: «Նրանց արտադրանքի ինքնարժեքն ավելի ցածր է, այդ պատճառով մենք նույնպես ձգտում ենք նվազեցնել մեր արտադրանքի ինքնարժեքը և դիմել ենք կառավարությանը այս հարցում աջակցություն ստանալու խնդրանքով: Մենք նաև կատարելագործում ենք տեխնոլոգիական հնարավորությունները, որպեսզի շուկայում ավելի մրցունակ լինենք»,- ասաց Աթոյանը:
Փորձագետների տվյալներով՝ Հայաստանում ձկնարտադրության ներուժը տարեկան 300 հազար տոննա է, իսկ ձկնաբուծության ոլորտի ծավալն արտահանման շուկաների առկայության դեպքում կազմում է առնվազն $1,5-2 մլրդ:
Հայաստանի բնապահպանության նախարարության տվյալներով՝ Արարատի և Արմավիրի մարզերում գրանցված է 239 ձկնաբուծական տնտեսություն:---0-