ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Վրաստանը մաքսային միասնական վերահսկողության կանցնեն, չորեքշաբթի ասաց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Հայաստանի մաքսային բարեփոխումների իրականացման հարցերով աշխատանքային նիստի ընթացքում:
«Միասնական մաքսային վերահսկողության ստեղծումը թույլ կտա պարզեցնել երկու երկրների սահմանին հսկիչ անցակետերի գործունեությունը, ինչպես նաև թեթևացնել մաքսային ձևակերպումների ընթացակարգերը»,- ասաց Խաչատրյանը՝ չհստակեցնելով համակարգի ներդրման կոնկրետ ամսաթիվը:
Նա նշեց, որ այդ ոլորտում երկու երկրների օրենսդրությունների համաձայանեցման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:
Նրա խոսքով, մաքսային ընթացակարգերի թեթևացման համար Հայաստանը ԵՄ-ի օժանդակությամբ ծրագրում է հայ-վրացական սահմանային հսկիչ անցակետերի ձևափոխում և արդիականացում իրականացնել:
«Արդեն մշակվել է նախագծահաշվարկային թղթաբանությունը, և շուտով կհայտարարվի տենդեր, ինչին զուգահեռ օրռնսդրական բարեփոխումներ են իրականացվում»,- ասաց Խաչատրյանը:
Նա ավելի վաղ հայտնել էր, որ հայ-վրացական սահմանին գտնվող երեք ՝ Բագրատաշենի, Բավրայկի և Գոգավանի ՀԱԿ-երի ձևափոխման գործընթացը ծրագրվում է սկսել արդեն այս տարվա նոյեմբերին, իսկ բուն շինարարական աշխատանքները՝ 2012 թվականին:
Ծրագրի շրջանակներում ծրագրվում է ընդլայնել բոլոր երեք մաքսային անցակետերի տարածքները, մասնավորապես, Բագրատաշենի տարածքում գտնվող անցակետը կմեծացվի երեք անգամ և կհասնի 10 հա-ի, իսկ Բավրայում կկազմի 7,7 հա ներկայիս 2 հա-ի փոխարեն, մաքսային վերահսկողության գոտին 800 մետրով կմոտեցվի վրացական անցաքկետին, իսկ Գոգավանի անցակետը կընդլայնվի ավելի քան կրկնակի: Նախատեսվում է նաև շարժման երկու գիծ ապահովել սահմանում տրանսպորտի կուտակումներից խուսափելու համար: -0-