ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բարելավել է լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, բեռնատար վագոնի շրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ արագացել է 0,2 օրով կամ 5,1 տոկոսով: Ութ ամիսների համար նախատեսվող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելավվել է 25,6 տոկոսով:
Ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը կազմում է 3,9 օր: Հունվար-օգոստոսին 1,1 ժամով նախասեսվածի հետ համեմատ կրճատվել է նաև վագոնի պարապուրդի ժամանակը մեկ բեռնափոխադրումից առաջ՝ կազմելով 36,8 ժամ:
2011թ.-ի ութ ամիսների ընթացքում բարելավվել են լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 338,8 լոկ-կմ, ինչը 23,2% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես ավելի վաղ նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը, ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ: Այդ աշխատանքի մեջ առանցքային դեր է խաղացել «գործի մարդը»՝ իր աշխատանքային պարտականությունների կատարման նոր մոտեցումներով:
«2011-ը մեր համար լինելու է երկաթուղու առանց կորուստների աշխատանքի տարի: Դա մեր թիվ մեկ խնդիրն է: Այսօր մենք լուծում ենք մի շարք այդպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցումը, ճկուն սակագնային քաղաքականությունը, ենթակառուցվածքի և շարժակազմի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը»,- ասել է Շայդուլինը:
Ընկերության ղեկավարը նշել է, որ 2011թ.-ի անցած ամիսները երկաթուղու համար դարձել էին բիզնես-գործընթացների արդյունավետության աճի, շահութաբերության և հզորությունների ավելացման ժամանակ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-