«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայություններից առաջին կիսամյակում օգտվել է 283,1 հազ.ուղևոր, ինչը 29,4% պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Միևնույն ժամանակ, 2010 թ. հունվար-հունիս ամիսների հետ համեմատ 29,7% աճել է ՀԿԵ-ի միջազգային ուղևորափոխադրումների ծավալը: 2011թ.-ի առաջին կիսամյակում միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 13,1 հազ. ուղևոր, ինչը 61,7% գերազանցում է նախատեսվող ցուցանիշը:
ՀԿԵ-ի ուղևորափոխադրումների ծավալի կրճատումն առաջին կիսամյակում պայմանավորված է մերձքաղաքային հաղորդակցությունում տեղափոխված ուղևորների թվի 30,9%-ով նվազմամբ: 2011 թ. առաջին կիսամյակում մերձքաղաքային հաղորդակցությունում տեղափոխվել է 270 հազ. ուղևոր, ինչը 29,2% պակաս է հունվար-հունիս ամիսների համար նախատեսվող ցուցանիշից:
Մերձքաղաքային հաղորդակցությունում ուղևորափոխադրումների ծավալի կրճատման հիմնական պատճառն է տարեսկզբին Արարատի և Արմավիրի ուղղություններով գործող երկու տակտային գնացքների վերացումը: Այժմ համայնքների ղեկավարների խնդրանքով տակտային գնացքների աշխատանքը կվերսկսվի, ինչը դրական է ազդելու ՀԿԵ-ի ուղևորափոխադրումների դինամիկայի վրա:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-