ՀԾԿՀ-ն հաստատել է ՀայՌուսգազարդի 2011թ.-ի ներդրումային ծրագիրը՝ $22,6 մլն չափով
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հինգշաբթի հաստատել է «ՀայՌուսգազարդ» ընկերության 2011թ.-ի ներդրումային ծրագիրը՝ 22,6 մլն դոլար չափով (8,49 մլրդ դրամ՝ առանց ԱԱՀ հաշվառման)։
«Միջոցները կուղղվեն այնպիսի հիմնական ուղղություններ, ինչպիսին են գազատրանսպորտային համակարգի վերակառուցումը և գազաբաշխման համակարգի ընդլայնումը, ինչպես նաև՝ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի արդիականացումն ու ընդլայնումը»,-ներկայացնելով փաստաթուղթը՝ ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը։
Ըստ նրա, միայն Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի արդիականացման համար 2011թ.-ին ծրագրվում է ներդնել 1,4 մլն դոլար, ինչը թույլ կտա ծավալը հասցնել ներկա 132,5 միլիոնից մինչև 140 մլն խորանարդ մետրի։
Ընթացիկ տարում ընկերության առաջնահերթությունների թվում նա նշեց գազաբաշխման համակարգի շինարարությունը և գազի նոր բաժանորդների միացումը, գազասպառողների տներում անվտանգության համակարգի տեղադրումը։
Մասնավորապես, 2011թ.-ին հանրապետության գազաբաշխման համակարգի ընդլայնմանը ծրագրվում է ուղղել 13,7 մլն դոլար, ինչը թույլ կտա ոչ միայն արդիականացնել համակարգը, այլ նաև նորը կառուցել՝ դրան միացնելով 15 հազար նոր բաժանորդի։
2011թ.-ի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի գազային ցանցին միացված է ավելի քան 616,3 հազար բաժանորդ։
«ՀայՌուսգազարդ» ընկերության 2011-2013թթ. լրացված ներդրումային ծրագրի ընդհանուր չափը կազմում է 39,6 մլն դոլար (մոտավորապես 14,9 մլրդ դրամ՝ առանց ԱԱՀ-ի)։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը մուտք է գործում Հայաստան Վրաստանի տարածքով:
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժինը՝ 20 տոկոս: --0—

