«Զվարթնոց» օդանավակայանը տարածաշրջանում լավագույնը կդառնա նոր տերմինալի գործարկումից հետո

18.05.2011, 18:10
«Զվարթնոց» օդանավակայանը տարածաշրջանում լավագույնը կդառնա նոր տերմինալի գործարկումից հետո
«Զվարթնոց» օդանավակայանը տարածաշրջանում լավագույնը կդառնա նոր տերմինալի գործարկումից հետո

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նոր տերմինալի գործարկումից հետո լավագույնը կդառնա տարածաշրջանում ինչպես հաճախորդների սպասարկման մակարդակով, այնպես էլ գործածվող տեխնոլոգիաների տեսանկյունից, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» (օդանավակայանի շահագործողը) ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը։

Նոր տերմինալը նախատեսվում է գործարկել մինչև ընթացիկ տարվա ավարտը։
«Զվարթնոց» օդանավակայանը համապատասխանում է B կարգին, ինչը բավարարում է համաշխարհային ամենաբարձր պահանջներին»,- ասաց Շխյանը՝ նշելով, որ աշխարհում գործող օդանավակայաններից ոչ մեկն A կարգ չունի։

Ըստ նրա, օդանավակայանի արդիականացման նախագիծը գնահատվում է 244 միլիոն դոլար, որոնցից 84 միլիոնն ուղղվել է 2007 թվականի մայիսին գործարկված ժամանումների նոր սրահի կառուցմանը, իսկ նոր տերմինալի կառուցման համար արդեն ներդրվել է 160 միլիոն դոլար։ Ֆինանսավորումն իրականացվում է «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջոցներով։

Ինչպես նշեց Շխյանը, նոր տերմինալը թույլ կտա մեկ ժամում միաժամանակ ընդունել 10 չվերթ, ինչը կրկնակի ավելի է ներկայիս ցուցանիշից։ «Այսօր օդանավակայանը հնարավորություն ունի տարեկան սպասարկելու 1,6 մլն ուղևոր, իսկ նոր տերմինալը թույլ կտա ավելացնել այդ թիվը մինչև 3,5 միլիոն»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին չորս տարիների ընթացքում ուղևորների թվի 8-10-տոկոսանոց աճ է նկատվել։

Շխյանի խոսքով, նոր տերմինալի ընդհանուր մակերեսը կկազմի 34 հազար քառակուսի մետր, ներկայիս գրանցման 24 հարթակների փոխարեն կգործեն 46-ը, հնարավորություն կլինի նաև ընդունելու տարանցիկ ուղևորների։
20 հազար քառակուսի մետր մակերեսով վճարովի երկհարկանի ավտոկայանատեղին կտեղավորի 600 ավտոմեքենա (ներկայիս 200-ի դիմաց), իսկ անվճար կայանատեղին հաշվարկված է 250 ավտոմեքենայի համար։
Տերմինալի շենքի դիզայնը մշակվել է «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից՝ հայկական եռագույնի գույների օգտագործմամբ, կտուրը նախատեսվում է ծածկել կանաչ գազոնով, որը հնարավոր կլինի տեսնել արդեն ինքնաթիռից։

Շխյանն ավելացրեց, որ շուտով կբացվի նաև սառեցման համալիրը, իսկ արդեն կառուցման փուլում գտնվող նախագահական VIP-շենքի բացման ժամկետներն առայժմ հայտնի չեն։ «Մենք չենք ցանկանում, որ «Զվարթնոցը» պարզապես օդանավակայան լինի, ցանկանում ենք տեսնել որպես առևտրային կենտրոն խանութներով և սրճարանով»,- ասաց Շխյանը։

Նա նկատեց, որ նոր տերմինալը 2011 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին շահագործման հանձնելուց հետո հին շենքը (որն ունի С կարգ) արդեն չի գործի որպես օդանավակայան, այլ կդառնա կառավարման վարչական կենտրոն։ -0-