Վարորդական իրավունք ստանալու պարզեցված պայմաններն արդեն գործում են

17.05.2011, 13:32
Վարորդական իրավունք ստանալու պարզեցված պայմաններն արդեն գործում են
Վարորդական իրավունք ստանալու պարզեցված պայմաններն արդեն գործում են

Վարորդներն արդեն կարող են օգտվել վարորդական իրավունք ստանալու համար նախատեսված պարզեցված պայմաններից, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Տոնոյանը:

Նրա խոսքով՝ կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել նախորդ շաբաթ օրվանից:
«Վկայական ստանալու համար այլևս պետք չէ նարկոլոգիական և հոգեբուժական դիսպանսերի տեղեկանքը, պետք է չէ գնալ պոլիկլինիկա: Տեսական և գործնական հմտություններին տիրապետող վարորդները նախնական ուսուցում անցնելու կարիք չունեն հատուկ ուսումնական կազմակերպություններում»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Տոնոյանը:

Նա նաև նշեց, որ դրա փոխարեն ամեն ամսվա 1-ին և 16-ին Առողջապահության նախարարությունը ճանապարհային ոստիկանություն է ներկայկացնում հաշվառման կանգնած այն անձանց ցուցակը, որոնց հանդեպ համապատասխան ստուգումներ են անցկացվում:

Տոնոյանի խոսքով՝ Հայաստանի կամ այլ երկրի՝ ցանկացած 18 տարին բոլորած քաղաքացի կարող է դիմել տարածքային հաշվառման քննական ենթաբաժանմունք՝ վարորդական իրավունք ստանալու, փոխանակելու կամ վերականգնելու համար:

Նա նաև հայտնեց, որ ապագա վարորդները պետք է տեսական և գործնական քննություններ հանձնեն: Ընդ որում` քննությունները կարող են տալ թե մեխանիկական, թե ավտոմատ փոխանցման տուփով ավտոմեքենաներով: «Տեսական» քննությունը հանձնում են համակարգչով: Դրական է համարվում առաջադրած 10 հարցերին տված 9 ճիշտ պատասխանը:

Տոնոյանը հայտնեց, որ գործնական քննությունը նույնպես պարզեցվել է և այժմ այն հանձնում են ճանապարհային պայմաններում՝ բացառելով երկու փուլերից մեկը՝ քննությունը ավտոդրոմում: Գործնական քննության արդյունքը հաջող է համարվում, եթե վարորդը կատարում է առաջադրված ութ հանձնարարություններից 7-ը:
Տեսական քննություն հանձնելու համար պետք է ներկայացնել դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և վճարել պետական տուրքը՝ 3 հազար դրամի չափով: Տեսական և գործնական քննությունների համար, որոնց տևողությունն ընդամենը 15 րոպե է, ապագա վարորդներն, ընդհանուր առմամբ կվճարեն 28 հազար դրամ:

Նա նշեց, որ մարդկային գործոնը գրեթե բացառված է տեսական քննության ընթացքում, սիկ կոռուպցիոն ռիսկերը «գործնական» քննության ժամանակ հասցվել են նվազագույնի: «Ցանկացած խնդրով կարելի է զանգահարել 1-77 թեժ համարով»,- ասաց Տոնոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ վարորդական իրավունքի նախկին՝ խորհրդային ժամանակների վկայականը փոխանակելու վերջնաժամկետը 2011 թվականի դեկտեմբերի 31-ն է:--0-