2013թ.-ին ՀՀ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկայունանա 40 տոկոսի մակարդակում. ԱՄՀ
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. 2013թ.-ին ՀՀ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկայունանա լիովին կառավարելի 40 տոկոսի մակարդակում, ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։
«2010թ.-ին պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 39,4 տոկոս է կազմել։ Մենք սպասում ենք, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում այդ ցուցանիշը կարող է ավելանալ, սակայն այսօրվա կանխատեսումների համաձայն, 2013թ.-ի մեր ծրագրի ավարտի պահին, այդ ցուցանիշը կայունանում է շուրջ 40 տոկոսի մակարդակում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
ԱՄՀ «Հասանելի ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում մինչև 2013թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածը ներառյալ Հայաստանին տրամադրած միջոցների ծավալը կկազմի 392 մլն դոլար (267 մլն SDR)։ Ծրագիրը թույլ կտա Հայաստանին հաղթահարել տնտեսության վերականգնման տեմպերի պահպանման, վճարային հավասարակշռության ամրապնդման և աղքատության կրճատումն ապահովելու համար միջնաժամկետ մարտահրավերները։
Միաժամանակ Տոլոսան նշեց՝ քանի որ պարտքի միջոցների մեծ մասը, այդ թվում ԱՄՀ-ից, արտոնյալ պայմաններում է ստացվել, Հայաստանի պարտքը չափազանց ծանր չի համարվում։
Վիճակագրության պաշտոնական տվյալների համաձայն, 2010թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական ընդհանուր պարտքը կազմել է շուրջ 1379,3 մլրդ դրամ։ Ընդ որում, ներքին պարտքը կազմել է շուրջ 180,3 մլրդ դրամ, իսկ արտաքին պարտքը՝ 1198,9 մլրդ դրամ կամ 3299 մլն դոլար։
Ինչպես ցույց է տալիս ՀՀ պետական պարտքի դինամիկայի վերլուծությունը, հաշվետու ժամանակահատվածում, 2009թ.-ի դեկտեմբերի 30-ի ցուցանիշի համեմատ, պետական պարտքի ծավալը դրամային արտահայտմամբ ավելացել է 4,8 տոկոսով (կամ 108,5 մլրդ դրամով)։ -0-

