Հայաստանում ոռոգման ջրի սակագինն այս տարի անփոփոխ կմնա. Պետական կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ոռոգման ջրի սակագնի փոփոխություն այս տարի չի նախատեսվում, սակագինը կմնա մեկ խորանարդ մետրի դիմաց 11 դրամի մակարդակում (շուրջ 0,03 դոլար), տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրագործման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:
«Ֆերմերները վճարում են ինքնարժեքից ցածր: Ջրամատակարարման ինքնարժեքը մեկ խորանարդ մետրի դիմաց 18 դրամ է (շուրջ 0,05 դոլար), սակայն պետական սուբսիդավորման շնորհիվ սակագինն ավելի ցածր է: Այս տարի սուբսիդավորման չափը կազմել է 4,2 միլիարդ դրամ (շուրջ 11,3 մլն դոլար)», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ոռոգման ջրի ինքնարժեքը բավականին բարձր է, քանի որ գնի միայն 50 տոկոսն է էլեկտրաէներգիայի ծախսը:
Ինչպես նշեց գրասենյակի տնօրենը, հանրապետությունում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ որոշ համայնքներում ոռոգման ջուրն արդեն մատակարարվում է:
«Հանրապետության ոռոգման համակարգը պատրաստ է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին», - ավելացրեց Ղազարյանը:-0-

