Հայ գործարարները կարող են Ռուսաստանի մարզերի հետ համագործակցության զարգացման հայտեր ներկայացնել

21.01.2011, 17:40
Հայ գործարարները կարող են Ռուսաստանի մարզերի հետ համագործակցության զարգացման հայտեր ներկայացնել
Հայ գործարարները կարող են Ռուսաստանի մարզերի հետ համագործակցության զարգացման հայտեր ներկայացնել

Հայրենական արտադրողների միությունը կոչ է անում հայ գործարարներին հայտեր ներկայացնել Ռուսաստանի մարզերի հետ համագործակցության զարգացման համար, ուրբաթ լրագրողներին հայտնեց Միության ղեկավար, Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։

«Գարնանը Հայաստանում հայ-ռուսական համաժողով կանցկացվի, որին ներկա կլինեն Ռուսաստանի ավելի քան 30 մարզպետներ, ինչը թույլ կտա որոշակի քայլ արձանագրել երկկողմ տնտեսական կապերի, հատկապես արդյունաբերության զարգացման ոլորտում»,- ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա, այս կապակցությամբ Միությունը կոչ է անում բոլոր արտադրողներին հայտեր ներկայացնել այն մասին, թե Ռուսաստանի որ տարածաշրջանների ու ձեռնարկությունների հետ նրանք կցանկանային վերականգնել կամ կապեր հաստատել։

Արդյունաբերական նորարարությունների առաջին ռուս-հայկական միջտարածաշրջանային ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանում 2011 թվականի մարտին ռուս-հայկական ֆորումի շրջանակներում։ Ցուցահանդեսին կմասնակցեն ոչ միայն դաշնության սուբյեկտների առաջին դեմքերը, այլ նաև առաջատար ընկերություններ, որոնք աշխատում են նորարարական հիմունքներով, ինչը վճռական դեր կխաղա Հայաստանի նորարարական զարգացման գործում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ոլորտում։

Այսօր ռուսական տնտեսվարող ավելի քան 70 սուբյեկտ ապրանքների և ծառայությունների մատակարարումներ է իրականացնում դեպի Հայաստան, որոնցից մոտ 30-ն աշխատում են հայկական մարզերի հետ համաձայնագրերի շրջանակներում, իսկ 20-նն առավել ակտիվ զարգացնում են այդ կապերն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի պետաջակցության միջոցով։ -0-