Հայ գինեգործները երբեք չեն սեփականացրել վրացական ապրանքանիշները. Գինեգործների միության նախագահ
Հայ գինեգործները, չնայած վրացական ԶԼՄ-ների հավաստիացումներին, երբեք չեն սեփականացրել վրացական ապրանքանիշները, ասել է ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Օրերս վրացական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե վրացական ապրանքանիշները Ֆրանսիայի մանրածախ առևտրային ցանցում վաճառվում են որպես հայկական արտադրանք: Մասնավորապես, «Սապերավի» գինին իբր իրացվում է որպես թանկարժեք ոգելից ըմպելիքների հայկական հավաքածուի ապրանքանիշ:
«Սապերավին խաղողի տեսակ է, և չկա ոչ մի միջազգային փաստաթուղթ կամ համաձայնագիր, որով խաղողի տեսակը պետք է համարել որևէ պետության սեփականություն: Չէ՞ որ ֆրանսիացիները չեն պահանջում, որ ուրիշները շարդոնե գինի չարտադրեն միայն այն պատճառով, որ շարդոնեն սպիտակ խաղողի ֆրանսիական տեսակ է», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հարությունյանը:
Նա նաև ավելացրեց, որ «սապերավի» անունը կրող խաղողի տեսակն ավելի քան հազար տարի է, ինչ աճում է Հայաստանի հյուսիսում, և դեռ վիճելի հարց է, թե ով է առաջինը սկսել աճեցնել այդ տեսակը՝ հայերը, թե՞ վրացիները:
Ինչ վերաբերում է «Կախեթ» և «Մսխալի» գինիներին, ապա Գինեգործների միության նախագահը նշեց, որ դրանք խաղողի հայկական տեսակի անվանումներ են, որոնք Վրաստանում ընդհանրապես չեն աճում, պարզապես նրանց անվանումները համընկել են վրացական աշխարհագրական անվանումների հետ:
«Եթե վրացական կողմը հետագայում ևս շարունակի առաջ քաշել իր անհեթեթ տեսությունները, ապա մենք հեշտությամբ դատարանի միջոցով կկարողանանք ապացուցել մեր իրավացի լինելը», - եզրափակեց նա:
Վրացական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, «Գրուզպատենտի» ղեկավար Իրակլի Գվալաձեն, մեկնաբանելով Հայաստանի կողմից վրացական ապրանքանիշները յուրացնելու մասին տեղեկատվությունը, հայտարարել է, որ վրացական կողմը կարձագանքի այդ տեղեկատվությանը այն ստուգելուց հետո:-0-

