Հայաստանի ավիացիոն անվտանգությունը բարձր մակարդակի է. փորձագետ

06.12.2010, 14:15
Հայաստանի ավիացիոն անվտանգությունը բարձր մակարդակի է. փորձագետ
Հայաստանի ավիացիոն անվտանգությունը բարձր մակարդակի է. փորձագետ

Հայաստանի ավիացիոն անվտանգությունը բարձր մակարդակի է, երկուշաբթի ասաց «Հայաէրոնավիգացիա» ընկերության թռիչքային անվտանգության աուդիտի բաժնի պետ Արայիկ Աբգարյանը:

«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) պարբերաբար համապատասխանության ստուգումներ է անցկացնում, և առաջին ստուգումը ցույց է տվել, որ Հայաստանը բավական լավ մակարդակի վրա է գտնվում միջազգային ասպարեզում, համենայն դեպս ԱՊՀ տարածքում չկա այնպիսի հանրապետություն, որտեղ նման իրավիճակ լինի, իսկ մի շարք եվրոպական երկրների համեմատ մեր անվտանգության վիճակը բավական բարձր մակարդակում է»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Աբգարյանը։

Ըստ փորձագետի, այժմ հայկական ավիապարկը լավ վիճակում է գտնվում, իրականացվել է խորհրդային արտադրության ինքնաթիռների անցումը Airbus-ի և Boeing-ի։

 «Այդ ինքնաթիռները պարբերական ստուգումներ են անցնում տեխնիկական բազայի վրա։ Չէի ասի, որ խորհրդային ինքնաթիռները վատն են, պարզապես դրանք այն չափանիշներին չեն համապատասխանում, որոնք մենք ընդունում ենք։ Որոշակի սահմանափակումներ կան, որոնց խոչընդոտում են դեպի խոշոր եվրոպական երկրներ չվերթեր իրականացնելուն, և պահանջներն աճում են տարեցտարի, իսկ մենք պետք է առաջ ընթանանք ժամանակի պահանջին համապատասխան»,- ասաց Աբգարյանը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում այժմ 13 ինքնաթիռ է շահագործվում՝ հինգ տարի առաջվա 4-5-ի փոխարեն, միաժամանակ տարեցտարի ավիապարկն է աճում։

Աբգարյանը նշեց, որ ստուգումներն իրականացվում են նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից, և եղել են դեպքեր, երբ օդանավակայանի տեսչությունը թռիչքային անվտանգության տեսչության հետ արգելել է չվերթերը ինչ-ինչ պատճառներով։

Նա նաև ավելացրեց, որ օդաչուներն ու կարգավարները պարբերաբար պահանջներին համապատասխանելու համար որակավորումը բարձրացնելու համապատասխան վերապատրաստում և դասընթացներ են անցնում։ -0-