Եվրաինտեգրումն անհրաժեշտ է Հայաստանին ներքին համակարգերի արդիականացման համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Օգուտները, որոնք Հայաստանը կարող է քաղել եվրաինտեգրման ճանապարհին, առավել ակնհայտ են երկրի ներքին համակարգի արդիակնացման տեսակետից։ Նման կարծիք երկուշաբթի Երևանում հայտնեց AEPLAC-ի (Հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոն) երևանյան տարածաշրջանային գրասենյակի համատնօրեն, փորձագետ Տիգրան Ջրբաշյանը «Հայաստան-ԵՄ. Հայաստանի ապագան» սեմինարի ժամանակ։
«Եվրոպական փորձը և տեխնոլոգիաները կարող են հիմնարար դեր խաղալ Հայաստանում քաղաքական, տնտեսական և հասարակական հարաբերությունների երկրի ներքին դաշտում արդյունավետ և արագ արդիականացման համար»,-ասաց նա։
Ջրբաշյանի խոսքերով, Հայաստանում մեծապետական ինստիտուցիոնալ համակարգի արագ կազմաքանդումից հետո ձևավորվել է համակարգ, որի ներսում ֆորմալ ինստիտուտները իրենց անարդյունավետության հետևանքով զիջում են համանման ոչ ֆորմալ կառույցներին։
«Արդյունքում, երկրում խոշոր խաղացողներ են հայտնվել, որոնք մյուսներից ավելի արդյունավետորեն են օգտագործում ոչ ֆորմալ դաշտի հնարավորությունները, ինչը հանգեցրել է տնտեսական թռիչքի և ոչ ֆորմալ ինստիտուտների հզորացմանը»,-պարզաբանեց նա։ Ջրբաշյանը հավելեց, որ նման իրավիճակը յուրահատուկ ինստիտուցիոնալ թակարդ է, որից պետք է ելք փնտրել։
Այս կապակցությամբ փորձագետը կարծում է, որ Հայաստանում զարգացման եվրոպական համակարգի ներդրումը անհեռանկար է, և մուտքը եվրոպական կառույցներ պետք է դիտարկվի ոչ թե որպես ինքնանպատակ արարք, այլ երկրի ներսում արդիականացման համար անհրաժեշտ մեխանիզմ։
«Ես կարծում եմ, որ Հայաստանին ավելի ձեռնտու է չմտնել ԵՄ, այլ օգտագործել այդ կառույցի տեխնոլոգիաները երկրի ներսում արդիականացում իրականացնելու համար՝ չվերցնելով ԵՄ անդամ-երկրի պարտավորությունների քաղաքական բեռը»,-ընգծեց նա։
Ջրբաշյանի խոսքերով, ԵՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միավոր է, որը ձևավորվել է երկրների կողմից տնտեսական շահույթ ստանալու նպատակով, ինչպես շուկաների ընդլայնման, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային մրցունակության աճի տեսակետներից։
«Հայաստանի կողմից «Նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի մի շարք պայմանների բավարարման դեպքում, երկիրը կարող է ներգրավվել եվրոպական տնտեսական տարածության մեջ, օգտվել բոլոր տնտեսական օգուտներից և քաղաքական իմաստով որևէ պատասխանատվություն չստանձնել»,-ասաց նա։
Հայաստանի և ԵՄ համագործակցությունը սկսվել է 1991-ին։ 1999-ին համագործակցությունն իրականացվում է «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրով, իսկ 2006-ի նոյեմբերի 14-ին Բրյուսելում ընդունվել և ուժի մեջ է մտել «Նոր հարևանություն» քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողություների հնգամյա ծրագիրը։--0--

