Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կարեւոր քայլ է. ՏՄՊՊՀ նախագահ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ընդունել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին, ֆինանսական եւ մասնավոր հատվածի զարգացման Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆերնանդո Մոնտես-Նեգրետին եւ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնտեսագետ Կարեն Գրիգորյանին:
«Սա հանձնաժողովի եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության առաջին քայլն է: Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կարեւոր քայլ է եւ արդյունավետ կարող է լինել ինստիտուցիոնալ զարգացման խնդրում»,- հանձնաժողովի մամուլի քարտուղար Ա. Ուդումյանի փոխանցմամբ՝ ասել է հանձնաժողովի նախագահը:
Ա. Շահնազարյանը նշել է այն ուղղությունները, որոնցով ակնկալում է ՀԲ աջակցությունը. օրենսդրական դաշտի բարելավում (անկախության կարգավիճակի ապահովման մեխանիզմներ, որոշումների կատարման պարտադիրություն եւ այլն), կարողությունների ձեւավորում, հանրային իրազեկում:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆ. Մոնտես-Նեգրետին հետաքրքրվել է մինչ այժմ նշված ուղղություններով ձեռնարկված քայլերով և արձանագրված արդյունքներով։
«ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Ա. Վարուդակիսը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվող ծրագրերում կքննարկվեն հանձնաժողովի հետ հետագա համագործակցության ձեւաչափը եւ ծրագրի իրականացման հետագա քայլերը»,-ասված է հաղորդագրությունում:--0--

