Հայաստանի էներգետիկայի ոլորտն ունի զարգացման մեծ հեռանկարներ. նախարար

07.09.2007, 19:15
Հայաստանի էներգետիկայի ոլորտն ունի զարգացման մեծ հեռանկարներ. նախարար

Հայաստանի էներգետիկայի ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի։ Այս մասին ուրբաթ հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2006-ի պետբյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության ժամանակ ։

«Հայաստանն այնպիսի քաղաքականություն է վարում, որի պայմաններում ոչ թե պետությունն ինքն է մասնակցում էլեկտրակայանների շինարարությանը, այլ մասնավոր ձեռնարկությունների աշխատանքի համար համապատասխան դաշտ է ստեղծում»,-ասաց նա։

Մովսիսյանի խոսքերով, փոքր ՀԷԿ-երի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կան 50-60 փոքր ՀԷԿ-եր և ևս 58-ը կառուցվում են։

«ՀԷԿ-երն աշխատում են ջրի փոքր քանակի պայմաններում, և դրանց գործարկումն ամբողջ հզորությամբ կապահովի Հայաստանում անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 10%-ը»,-հավելեց նախարարը։

Նախարարը նշեց, որ արտասահմանյան մասնագետների և Համաշխարհային բանկի աջակցությամբ լայնածավալ հետազոտություններ են տարվում երկրաջերմային (գեոթերմալ) էներգետիկայի ոլորտում, որը ևս Հայաստանում մեծ ներուժ ունի։

«Մեծ հեռանկարներ ունի նաև հողմաէներգետիկայի ոլորտը, Պուշկինի լեռնանցքում արդեն գործարկվել են 4 հողմակայաններ։ Ներկայումս իտալական ձեռնարկություններից մեկն աշխատանքներ է տանում 270 ՄՎտ հզորությամբ հողմակայան կառուցելու ուղղությամբ, ինչը կպահանջի 160 մլն. դոլար ներդրում»,-նկատեց նա։--0—