DisruptHR–ը՝ Երևանում․ կանացի էներգիա, առաջնորդություն և նորարարություն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում կայացել է DisruptHR միջոցառումը, որն այս անգամ նվիրված էր կանանց միամսյակին և անցկացվում էր Women Empowerment խորագրի ներքո։
DisruptHR–ը Հայաստանում ներկայացնում է Cascade People & Business ընկերությունը, իսկ միջոցառման հաջող իրականացման գլխավոր գործընկերն էր ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի առաջատար Ամերիաբանկը։
DisruptHR-ը գլոբալ շարժում է, որն ուղղված է մարդկային ռեսուրսների կառավարման (HR), կորպորատիվ մշակույթի և առաջնորդության ավանդական մոտեցումների փոփոխմանը: Դրա ձևաչափը կարճ 5 րոպեանոց ելույթներ են, որտեղ բանախոսները սլայդերի միջոցով լսարանին են ներկայացնում գաղափարներ, որոնք կարող են արմատապես փոխել HR–ը, մենեջմենթը և կորպորատիվ մշակույթը:
Ինչպես նշեց Cascade People & Business ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը, ներկա և ապագա առաջնորդների համախմբմանն ուղղված DisruptHR շարժումը մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 30 երկիր և 150–ից ավել քաղաք։
«2000–ին մենք DisruptHR–ը բերեցինք Հայաստան, և սա արդեն 6–րդ միջոցառումն է Երևանում։ Նպատակն է տեղական HR համայնքին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց գաղափարները ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հարթակներում», – ասաց նա։
Նա ավելացրեց, որ միջոցառմանը մասնակցել է 10 խոսնակ, որոնց ելույթները նվիրված էին կանանց ներուժի զարգացմանը, մասնավորապես, առաջնորդությանը, էմպատիային, ժամանակակից HR թրենդերին, ուժին, որով օժտված են կանայք, ինչպես նաև նրան, թե ինչպես այդ ուժը կարելի է համատեղել ԱԲ–ի հետ։
Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցի խոսքով, աշխարհը, տեխնոլոգիաներն ու HR ոլորտը մշտապես փոփոխվում են, և պետք է պատրաստ լինել այդ փոփոխություններին։
«DisruptHR միջոցառումն իր տեսակով կարծրատիպեր կոտրելու և խնդիրներին այլ անկյունից նայելու մասին է։ Միևնույն ժամանակ այն մասնակիցներին հնարավորություն է ընձեռում շփվելու, փորձառությամբ կիսվելու և միմյանցից նոր բաներ սովորելու», – ասաց նա։
Վարդանյանցն ընդգծեց, որ Ամերիաբանկն արդեն երկրորդ անգամ միացել է նախաձեռնությանը, քանի որ այս ձևաչափը հնարավորություն է տալիս նայելու HR ոլորտին՝ դուրս գալով ավանդական սահմաններից։
«Ամերիաբանկի համար շատ կարևոր է ստեղծել մշակույթ, ձևավորել միտումներ, փոխել և զարգացնել մասնագիտական միջավայրը, կիսվել փորձով և նպաստել այս բոլոր փոփոխություններին», – ասաց նա։
Վարդանյանցն ընդգծեց, որ այսօր HR կառավարման ուղղությունը կարևոր է, քանի որ թվային աշխարհում մարդկային ներուժի բացահայտումն ու դրա նորարարական կիրառումն ապագայում կդառնա հաջողության երաշխիք։
Խոսելով այս գործընթացներում կանանց դերի մասին, նա նշեց, որ լավագույն արդյունք է տալիս կանանց և տղամարդկանց էներգիայի ճիշտ համադրումը։
«Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ուժ, նպատակասլացություն, տեսլական և ռազմավարություն, շատ կարևոր է տղամարդկանց էներգետիկան, իսկ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է հոգատարություն, ավելի կշռադատված մոտեցում ռիսկերին, ավելի բազմապլան հայացք իրավիճակին, բացահայտվում է կանանց մտածելակերպի գեղեցկությունը։ Ինձ համար դա ճիշտ հավասարակշռության ձևավորում է», – ասաց նա։
Միջոցառմանը ներկա էին գործարար համայնքի ներկայացուցիչներ, մարդկային ռեսուրսների մասնագետներ և ուսանողներ․ ընդհանուր առմամբ այն ունեցավ ավելի քան 200 մասնակից։ DisruptHR Yerevan–ը կկրի շարունակական բնույթ, իսկ միջոցառման բոլոր տեսանյութերը կտեղադրվեն disrupthr.co կայքում։
Cascade People & Business–ի մասին
Ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական հայաստանյան առաջատարն է։ Իր գործունեության 17 տարվա ընթացքում, համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպության հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող HR համայնքի համար։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: