ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022 թ.-ի հունվարին, 2021 թ.-ի հունվարի համեմատ, աճել են 12.2 %-ով, իսկ 2021 թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ 3.8 %-ով։
Ինչպես նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ, հունվարին ամսական կտրվածքով գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, իսկ Երևանում՝ պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գների մակարդակն աճել է 3.9%-ով։
«Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունը ներկայացնում է այն սննդամթերքը, որոնց գներն ամենամեծ աճն են գրանցել 2022 թ.-ի հունվարին՝ 2021 թ.-ի հունվարի համեմատ։
Բանջարեղեն
Բանջարեղենի գները 2022 թ.-ի հունվարին, 2021 թ.-ի հունվարի համեմատ, աճել են 36.8 %-ով, իսկ 2021 թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ 20.1%-ով։
Ձուկ և ծովամթերք
Ձուկն ու ծովամթերքն այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, թանկացել է 31.8 %-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.4 %-ով։
Շաքարավազ, շոկոլադ և այլ քաղցրավենիք
Շաքարավազի, մրգային օշարակների, շոկոլադի, հրուշակեղենի գնաճը հունվարին տարվա կտրվածքով կազմել է 11.7 %, իսկ ամսվա կտրվածքով գրանցվել է գների 0.1%-անոց անկում:
Կաթնամթերք, պանիր, ձու, կարագ և ձեթ

Կաթնամթերքի, պանիրի և ձվի գները հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 11.4 %-ով, իսկ մեկ ամսում` 1.1%-ով։
Ձեթի ու յուղի գները 2022 թ.-ի հունվարին, 2021 թ.-ի հունվարի համեմատ, աճել են 11.4 %-ով, իսկ 2021 թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.3 %-ով։
Ծխախոտ

Ծխախոտի գները հունվար ամսին, նախորդ տարվա հունվարի համեմատ, թանկացել է 10.9 %-ով (ամսվա ընթացքում՝ 0.9 %-ով)։
Հացաբուլկեղեն

Հացաբուլկեղենն ու հացահատիկային ապրանքները 2022 թ.-ի հունվարին, 2021 թ.-ի հունվարի համեմատ, աճել են 10.4 %-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 1.2 %-ով։
Իսկ ո՞ր ապրանքներն են էժանացել

Միրգը հունվարին տարվա կտրվածքով էժանացել է 0.7%-ով, իսկ ամսվա կտրվածքով թանկացել է 6.9%-ով։-0-