ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ուժի մեջ է մտել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը` համաձայն ՀՀ կառավարության 2020թ.–ի հոկտեմբերի 21–ի որոշման։
Թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը գործում է 2020թ.–ի դեկտեմբերի 31–ից`6 ամիս ժամկետով։
Ինչպես նշվում է ՀՀ կառավարության որոշման մեջ, թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում էր Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում էր տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
2020թ.–ի դեկտեմբերի 25–ին ՊԵԿ–ը տեղեկացրեց, որ մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները և ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։
ՊԵԿ–ից հիշեցրել են, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է նաև հետայսու ապրանքների առևտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում և (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։
ՊԵԿ–ից նաև զգուշացրել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո։
Ինչպես նոյեմբերի վերջին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հունվարի 1–ից վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումը` առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են. hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։
«Ես իհարկե չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ տարեկան 200մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան», – նշել է Քերոբյանը։–0–