Ամերիաբանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում երրորդ եռամսյակի բանկային հիմնական ցուցանիշների գծով

28.10.2021, 18:40
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը հայտնեց, որ Ամերիաբանկն ընթացիկ տարվա ինը ամսվա ցուցանիշներով Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է գրեթե բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով
Ամերիաբանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում երրորդ եռամսյակի բանկային հիմնական ցուցանիշների գծով

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկն ընթացիկ տարվա ինը ամսվա ցուցանիշներով Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է գրեթե բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով, ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

«Մեր ռազմավարության շրջանակում մենք միշտ ձգտում ենք պահպանել և ամրապնդել մեր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում։ Եվ 9 ամսվա ցուցանիշներով առաջատար ենք գրեթե բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով», – ասաց նա հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ։

Հանեսյանը տեղեկացրեց, որ այդ ցուցանիշների թվում են ակտիվները, որոնց ծավալը 2021թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքում կազմել է 1,079մլրդ դրամ։

«Դեռևս այս տարվա սկզբին մենք ակտիվների մասով հաղթահարել էինք 1 տրիլիոն դրամի շեմը, ընդ որում` առաջին անգամ բանկային համակարգում», – ասաց նա։ 

Հանեսյանի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում պարտավորությունները կազմել են 955մլրդ դրամ, վարկային ներդրումները` 660մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունները` 672մլրդ դրամ։ 

«Կապիտալի չափը կազմել է մոտ 125մլրդ դրամ, զուտ շահույթը` մոտ 14,5մլրդ դրամ»,  – տեղեկացրեց նա` ավելացնելով, որ այս ցուցանիշներով բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է։ 

Ինչպես նշեց բանկի գլխավոր տնօրենը, կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 16,6%, և այս ցուցանիշով Ամերիաբանկը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը բանկային համակարգում։

«Այս տարի մենք բավականին ակտիվ էինք կապիտալի նոր տարրերի ներգրավման մասով, մեզ հաջողվեց տարվա ընթացքում ներգրավել մոտ 18 տրիլիոն դոլար սուբորդինացված փոխառության տեսքով մեր գործընկերներից մեկի` միջազգային ֆինանսական կառույցի կողմից։ Դա մեզ հնարավորություն տվեց ապահովել մեր հետագա աճը», – ասաց նա։ 

2021 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով` Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5%-ով:  

ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` Ամերիաբանկը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:  

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին, որը վերաբերում է տարեվերջին բանկի հիմնական ցուցանիշների կանխատեսումներին, Հանեսյանը նշեց, որ Ամերիաբանկն աշխատում է իր զարգացման ծրագրով։

«Ես չէի ցանկանա ժամանակից շուտ հրապարակել որոշակի թվեր, բայց պետք է նշեմ, որ կգերազանցենք մեր նախատեսված ցուցանիշներն ու կպահպանենք առաջատար դիրքերը բանկային համակարգում», – ասաց նա։ 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: (1 դոլարը` 477,79 դրամ)–0–