ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ամերիաբանկը կարևորում է թվային զարգացումը բիզնեսում և Հայաստանում՝ ընդհանուր առմամբ ակտիվորեն աշխատելով այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարեց Ամերիաբանկի իրավական հարցերով տնօրեն Դավիթ Սարգսյանը Orion Summit 2022 տեխնոլոգիական ֆորումի շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում:
«Ամերիաբանկը միշտ դրսևորել է նորարարական մոտեցում տարբեր ոլորտներում և կարևոր է համարել նորարարական տարբեր ծրագրերի իրականացումը: Այս տեսակետից մենք արդեն մի քանի տարի զարգացնում ենք տարբեր էկոհամակարգեր, որոնք ուղղված են ինչպես բիզնեսի և տարբեր կազմակերպությունների աշխատանքի դյուրացմանը, այնպես էլ այդ էկոհարթակների միջև պահանջարկի և առաջարկի ձևավորմանը», - ասաց նա:
Տնօրենն ընդգծեց, որ Ամերիաբանկը նպատակաուղղված աշխատում է տարբեր էկոհամակարգերի զարգացման վրա և Orion Summit 2022-ը կարևորագույն քայլերից մեկն է այս գործընթացում, որը կխթանի այդ համակարգերի զարգացումը Հայաստանում:
Խոսելով Ամերիաբանկի կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ Սարգսյանը նշեց, որ դրանք մի քանիսն են և ուղղված են տարբեր էկոհամակարգերի ստեղծմանը, որոնք կարող են դառնալ հարթակ՝ տարբեր պրոդուկտների նկատմամբ հաճախորդների հասանելիությունն ապահովելու համար:
«Դա կնպաստի ոչ միայն նրան, որ համակարգերն ակտիվորեն աշխատեն, այլև նրան, որ, օրինակ, հնարավոր կլինի տնտեսել ժամանակն ու ծախսերը, որպեսզի սպառողները կարողանան ստանալ ցանկացած պրոդուկտները կարճ ժամկետում: Բիզնեսի համար դա հնարավորություն է ստեղծում կրճատել այսպես կոչված Time To Market-ը: Ամերիաբանկն արդեն ձևավորել է մի քանի էկոհամակարգեր, որոնցով հիմա ստեղծվում են համապատասխան ընթացակարգեր՝ շուկայում ներկայացնելու համար», - նշեց նա:
Անդրադառնալով այսօր Հայաստանի էկոհամակարգերի զարգացման տեմպերին՝ Սարգսյանը նշեց, որ միշտ կա տեղ առաջընթացի համար, և կարևոր է, որ արդեն այսօր ձևավորվում է անհրաժեշտ մշակույթը:
«Եվ եթե այդ մշակույթը ճիշտ ձևավորվի, ապա զարգացումն ինքնին կհանգեցնի նրան, որ կավելանա շահառուների թիվը, և դա կդառնա մշակույթ», - ասաց նա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում