Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը

30.09.2024, 21:03
Իրան մեկնող ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են իրենց տրանսպորտային միջոցների համար ձեռք բերել մաքսային տարանցման փաստաթուղթ
Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրանի զբոսաշրջության և ավտոմոբիլային ակումբը հայտարարել է, որ պարզեցնելու է Հայաստանից տրանսպորտային միջոցների մուտքը Իսլամական Հանրապետություն, գրում է Tehran Times-ը։

Նախագիծը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի կրճատմանը և անդրսահմանային ուղևորությունների արագացմանը, պաշտոնապես մեկնարկել է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած արարողության ժամանակ, որին մասնակցել է Իրանի մշակույթի, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրին:

Դրա շրջանակում Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են իրենց տրանսպորտային միջոցների համար ձեռք բերել Carnet de Passages կամ մաքսային տարանցման փաստաթուղթ՝ թույլ տալով նրանց նվազագույն ուշացումով Իրան մուտք գործել:

Նախագիծը, որն Իրանում տեսակոնֆերանսի միջոցով մեկնարկել է Զբոսաշրջության ազգային շաբաթվա երկրորդ օրը, նպատակ ունի պարզեցնել մաքսային ձևակերպումները և ընդլայնել միջազգային ավտոմոբիլային տրանսպորտը Իրանի և հարևան երկրների միջև: