ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Առաջիկայում կներկայացվի հաշվետվություն, որում ներառված կլինեն Հայաստանի բոլոր մենաշնորհները, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
«Երեք շաբաթը բավարար է ճանապարհային քարտեզ մշակելու համար` մենաշնորհային դաշտն ամբողջությամբ փոխելու համար։ Կներկայացվի ամբողջական հաշվետվություն, որտեղ կներառվեն բոլոր մենաշնորհները», – ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` աշխատանքները կիրականացվեն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ առաջարկել է աշխատանքներ իրականացնել պետական կառավարման համակարգի օպտիմալացման ուղղությամբ և վերանայել մոտեցումները, որոնք, մասնավորապես, կապված են կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարի հետ։
«Չենք կարող սահմանափակվել` միայն ներկայացնելով մենաշնորհ ընկերությունների անունները», – ասաց Մինասյանը։
Նա ևս մեկ անգամ համագործակցության կոչ արեց մամուլին հակամենաշնորհային պայքարի գործում և վերահաստատեց, որ պայքարելու է մենաշնորհների դեմ։
«Հիմա խոսքը մեխանիզմի ստեղծման մասին է, որը թույլ է տալիս արդյունավետ պայքարել մենաշնորհների դեմ», – ասաց Մինասյանը։ –0–