ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։ Այս մասին հաղորդվում է Ամերիկայի հայկական համագումարի պաշտոնական կայքում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեն օրինագիծ է ընդունել 2018 թ.–ին «Պետական, արտասահմանյան գործարքների և դրանց հետ կապված ծրագրերի» (SFOPS) գծով հատկացումների մասին։
Օրինագծի համաձայն` ԱՄՆ–ն 47,4 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն կցուցաբերի այլ երկրներին, ինչը 10 մլրդ դոլարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Այստեղ ներառված է նաև սիրիացի փախստականներին ընդունած երկրներին օգնություն ցուցաբերելու հոդվածը։
Հայաստանին տրամադրվող բյուջետային օգնությունն ունի հետևյալ կառուցվածքը. 4 մլն դոլար` Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամ, 1,5 մլնդ դոլար` Թմրանյութերի միջազգային վերահսկողության և իրավապահ գործունեության ծրագիր, 700 հազար դոլար` Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի, ականազերծման և հարակից հարցերի ծրագիր։
Արդյունքում, Հայաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի` 2016 թ.–ին տրամադրված 20,4 մլն դոլարից դառնալով 6,2 մլն դոլար 2018 թ.–ին։
«Շնորհակալ ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին, որ այն կարևորել է փաստախականներին և նրանց ընդունած երկրներին հումանիտար օգնության ցուցաբերումը։ Այս պահին Հայաստանը Սիրիայից ընդունել է 22 հազար փախստական։ Սիրիայում իրավիճակի վատացմանը զուգահեռ Հայաստանը շարունակում է ապաստարան տրամադրել Մերձավոր Արևելքում ցեղասպանությունից և բռնությունից փրկվել փորձող մարդկանց», – նշել է ANCA–ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Նրա խոսքով, քանի որ հումանիտար ճգնաժամը Սիրիայում շարունակվում է, հարկավոր է վստահ լինել, որ կարիք ունեցողները, այդ թվում` Հայաստանում օթևան գտածները կստանան օգնություն։–0–
