Ես կառուցում եմ մշակութային կենտրոն, ոչ թե եկեղեցի. Ծառուկյանը՝ Հիսուսի արձանի մասին հնչող քննադատություններին

26.08.2024, 12:38
Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուսի արձանի շուրջ հնչող քննադատություններին՝ նշելով, որ կառուցվում է մշակութային կենտրոն, ոչ թե եկեղեցի
Ես կառուցում եմ մշակութային կենտրոն, ոչ թե եկեղեցի. Ծառուկյանը՝ Հիսուսի արձանի մասին հնչող քննադատություններին

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ԲՀԿ առաջնորդ, խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուսի արձանի շուրջ հնչող քննադատություններին՝ նշելով, որ կառուցվում է մշակութային կենտրոն, ոչ թե եկեղեցի։

«Քննադատություններ լինում են, բայց, ամենակարևորը, մենք այս հարցը Գարեգին Բ-ի, Արամ կաթողիկոսի, Երուսաղեմի հոգևոր առաջնորդի հետ քննարկել ենք, այնպես որ, բոլորը պետք է հասկանան, ես կառուցում եմ ոչ թե եկեղեցի, այլ մշակութային կենտրոն», – ասաց Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում։

Ծառուկյանի խոսքով՝ ԿԳՄՍ-ի հետ քննարկումներ ևս եղել են։

«Քննարկումներ կան, եղել են նախնական նախագծի փոփոխություններ։ Ամրոցներ են եղել, ես գումարները փոխանցել եմ, եկել, ուսումնասիրել են և իրոք հայտնաբերել են։ Մենք շատ գրագետ համագործակցում ենք, միայն աջակցում են։ Կան փոփոխություններ, ես դրանք նորմալ եմ համարում»,- նշեց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը համոզված է՝ նախագիծը պետությանն ավելի մեծ ճանաչում և հզորություն է տալու։

«Մենք պետք է խեղճ ու կրակ չմնանք, պետք է ասելու, ցույց տալու շատ բան ունենանք։ Գազ, նավթ չունենք, բայց ունենք պատմական, հզոր երկիր և պետք է ամբողջ աշխարհին ներկայացնենք։ Միջին տուրիստը 1000 դոլար ծախսում է՝ ամենաքիչը, բայց եթե 5, 10 , 20 միլիոն գա, իսկ ճիշտ աշխատանքի դեպքում կգան, բոլորին մնալու, կերակրելու տեղ է պետք, այդ բոլոր գումարները մեր երկրում են լինելու»,- ընդգծեց Ծառուկյանը։

Նշենք, որ Հատիս լեռան վրա ընթանում են Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման աշխատանքները։

Ձեռնարկատեր, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարել էր 2022թ.–ի հունվարին։ Այնուհետև հայտարարվել էր մրցույթ։ Ներկայացված ավելի քան 300 աշխատանքներից ընտրվեցին 12 լավագույնները, արդյունքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։

Նախատեսվում է, որ այն կլինի Քրիստոսին նվիրված ամենաբարձր արձանը, նրա ընդհանուր բարձրությունը, պատվանդանի հետ միասին, կկազմի 77 մետր։ Կբացվի նաև թանգարան, ճոպանուղի, կգործեն քոթեջներ և սրճարան, զբոսաշրջիկների ներգրավման համար նախատեսված այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։

Նշենք նաև, որ բնապահպանները դեմ են նման նախաձեռնությանը, քանի որ Հատիս լեռան վրա կա հնավայր-ամրոց, որի տարածքում գտնվում են տարբեր դարաշրջանների շուրջ 20 պատմամշակութային հուշարձաններ։