PARG–ը կրկին փայլեց «Եվրատեսիլ»–ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ PARG-ը փայլուն ելույթ ունեցավ Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակչում։
Նա ներկայացրեց SURVIVOR ստեղծագործությունը։ Դինամիկ շոուն ուղեկցվում էր հատուկ լուսային էֆեկտներով։ Երգիչ PARG–ը (Պարգև Վարդանյան) ծնվել է Երևանում, մեծացել է Վոլգոգրադում։ Նա 28 տարեկան է։
Ավարտել է Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և եղել է The Edge Chronicles խմբի հիմնադիրներից մեկը։ 2017-ից 2019 թվականներին խումբը շրջագայել է Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում:
2022 թվականին PARG-ը վերադարձել է Հայաստան, հայտնի է Ռոզա Լինի երգերի քավերների կատարմամբ, համագործակցում է Brunette-ի հետ։ 2024 թվականին առաջադրվել է Armenian Music Video Award–ին «Araj» երգի համար։
«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչին մասնակցում է 26 երկիր՝ երկու կիսաեզրափակիչների 10-ական հաղթողները (Նորվեգիա, Ալբանիա, Շվեդիա, Իսլանդիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Սան Մարինո, Ուկրաինա, Էստոնիա, Պորտուգալիա և Հայաստան, Լիտվա, Իսրայել, Դանիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան), ինչպես նաև մրցույթի այսպես կոչված «Մեծ հնգյակի» հիմնադիր երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա) և Շվեյցարիան՝ անցյալ տարվա մրցույթում հաղթած և այս տարվա մրցույթը հյուրընկալող երկիրը։
Հաղթողը կորոշվի մասնակից երկրներից կազմված մասնագիտական ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։ Ժյուրին կգնահատի ուրբաթ օրվա գլխավոր փորձը, ոչ թե կատարողների այսօրվա ելույթը։